«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը դիմում է հղել գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ խնդրելով անձնական վերահսկողություն ստանձնել Եկատերինբուրգում տեղի ունեցած միջադեպի հետաքննության նկատմամբ, որը կապված է ադրբեջանական սփյուռքի առաջնորդի՝ «Ադրբեջան-Ուրալ» ազգային-մշակութային կազմակերպության ղեկավարի որդու՝ Մուտվալա Շիխլինսկու հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ես նաև խնդրում եմ Ձեզ անձնական վերահսկողություն ստանձնել Եկատերինբուրգում 2025 թվականի հունիսի 27-ին տեղի ունեցած միջադեպի հետաքննության նկատմամբ, երբ Մուտվալա Շիխլինսկին, փորձելով փախչել, վրաերթի է ենթարկել իրավապահ մարմինների աշխատակցին և նրան գետնին տապալել, ինչի հետևանքով վերջինս վիրավորվել է, և տեղեկացնել ինձ հետաքննության արդյունքների մասին», - ասվում է նամակում։

Միրոնովը նամակում հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, որոնք կասկածվում են մի քանի տարի առաջ կատարված սպանությունների մեջ։