Ուրբաթ օրը Սլովակիայի Հանրապետությունը Եվրամիությանն առընթեր անդամ պետությունների դեսպանների մակարդակով հերթական անգամ արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը, հայտնում է TASR-ը՝ հղում անելով երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարարության հաղորդակցության դեպարտամենտի աղբյուրին։
Վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած Սլովակիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ չի սատարի պատժամիջոցների պատրաստված փաթեթը, եթե RePowerEU նախաձեռնության կապակցությամբ Եվրոպական հանձնաժողովից (ԵՀ) բավարար երաշխիքներ չստանա։
Այս ծրագիրը նախատեսում է 2028 թվականի հունվարի 1-ից Եվրամիություն ռուսաստանյան բնական գազի մատակարարումների ամբողջական դադարեցում, ինչը, ըստ Ֆիցոյի, կարող է էական բացասական տնտեսական ազդեցություն ունենալ Սլովակիայի վրա։
«Սլովակիայի Հանրապետությունը բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ էներգետիկայի և RePowerEU-ի թեմայով աշխատանքային բանակցությունները, որոնց նպատակն էր նպաստել Սլովակիայի Հանրապետության՝ որպես առավել տուժած անդամ պետության, վերապահումների և պահանջների ավելի լավ ընկալմանը», - ասվում է TASR-ի համար Սլովակիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Եվրահանձնաժողովի բարձր մակարդակի աշխատանքային խմբի փորձագետների խումբն այս շաբաթ ժամանել է Սլովակիա՝ փորձելու լուծել այս հարցը։
Ըստ նախարարության, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության, էներգետիկ ընկերությունների և սլովակյան արդյունաբերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ RePowerEU-ի առաջարկը «լուրջ մարտահրավեր է տնտեսության մրցունակության համար, հատկապես էներգակիրների գների և Սլովակիայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից»։
Ըստ երկրի ԱԳՆ-ի հայտարարության, Սլովակիան մնում է պատժամիջոցների տասնութերորդ փաթեթի վերաբերյալ իր ներկայիս դիրքորոշմանը։
«Սլովակիայի Հանրապետությունը պատրաստ է շարունակել կառուցողական հաղորդակցությունը Եվրոպական հանձնաժողովի հետ, ինչպես նաև նրա նախաձեռնության հիման վրա շարունակել հնարավոր լուծումների որոնումը համատեղ երկխոսության միջոցով՝ ի շահ քաղաքացիների և բիզնեսի», - հայտարարել է ԱԳՆ-ն՝ հավելելով, որ բանակցությունները դեռևս չեն վերացրել հիմնական մտավախություններն ու վերապահումները, որոնք Սլովակիան դեռ ունի ԵՄ առաջարկի վերաբերյալ։