Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է ԱՄՆ-ի հետ առաջիկա միջուկային բանակցությունների մասին հայտարարությունները՝ ընդգծելով հանրության դժգոհությունը և քննարկումների անցկացման որևէ հաստատված ժամկետի բացակայությունը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային շաբաթ օրը Sky News-ին տված հարցազրույցում հերքել է միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ առաջիկա բանակցությունների մասին տարածված հաղորդագրությունները։

Ավելի վաղ ամերիկյան Axios լրատվամիջոցը, վկայակոչելով երկու անհայտ աղբյուրի, հայտնել էր, որ Մերձավոր Արևելքի հարցերով Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է հաջորդ շաբաթ Օսլոյում հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ։

Ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն հաստատել Axios-ի տեղեկությունը, որում ասվում է, որ բանակցությունների վերջնական ամսաթիվը դեռ նշանակված չէ։ Բաղային ընդգծել է, որ «հասարակական կարծիքը ներկայումս այնքան է վրդովված, որ ոչ ոք նույնիսկ չի համարձակվում խոսել բանակցությունների կամ դիվանագիտության մասին»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ավելի վաղ հստակ հասկացրել էր, որ Թեհրանը չի վերադառնա Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններին, քանի դեռ Միացյալ Նահանգները չի դադարեցրել իր ռազմական սպառնալիքները՝ դա անվանելով դիվանագիտական փոխգործակցության վերսկսման կարևորագույն նախապայման։

«Որպեսզի որոշենք՝ վերսկսե՞լ բանակցությունները, թե ոչ, նախ պետք է համոզվենք, որ Վաշինգտոնն այլևս չի օգտագործի բանակցությունները ռազմական ագրեսիայի համար», - ավելի վաղ հայտարարել էր Աբաս Արաղչին։