«Ժառանգություն» կուսակցությունը հանդիպումներ է անցկացնում ՀԱԿ-ի,  ՀՅԴ-ի ու «Ազատ դեմոկրատների» հետ, որի ժամանակ քննարկում է բացառապես 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու խնդիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Հարցին, թե քննարկումների արդյունքում որքանո՞վ է հնարավոր համատեղ հանրահավաքների կամ այլ գործողությունների կազմակերպումը, նա պատասխանեց, որ դա կախված է աշխատանքային խորհրդակցության արդյունքներից: «Ոգեւորված եմ որոշակի առումով, որ հայտարարությանը անմիջապես արձագանքեցին մեր ընդդիմադիր գործընկերները եւ աջակցություն հայտնեցին, ուստի եւ կարծում եմ, որ հնարավոր է` մենք կարողանանք համատեղ գործողություններ իրականացնել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է համատեղ քննարկումների արդյունքում ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու հավանականությանը, Արմեն Մարտիրոսյանի խոսքով` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ համախմբումն այն քայլը չէ, որի հիման վրա հնարավոր է միասնական դաշինքի մասին խոսել: «Դաշինքները շատ ավելի լայն համագործակցություն են ենթադրում, շատ ավելի մեծ թվով խնդիրներ են ենթադրում: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ դա այն հարցն է, որը կարող է դաշինքի վերածվել»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը: