12-օրյա պատերազմի ընթացքում Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական մի քանի ռազմաբազաների։ Տվյալները Telegraph թերթին տրամադրել են Օրեգոնի նահանգի համալսարանի ամերիկացի գիտնականները, որոնք զբաղվում են մարտական գործողությունների հետևանքները բացահայտելու համար արբանյակային ռադիոլոկացիոն պատկերների վերլուծությամբ։
Ըստ նրանց տեղեկությունների, իրանական վեց հրթիռ խոցել է ռազմական օբյեկտներ Իսրայելի հյուսիսում, հարավում և կենտրոնում, այդ թվում՝ խոշոր ավիաբազա, ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոն և լոգիստիկ բազա։
Հրապարակավ այս մասին չի հաղորդվել ՑԱԽԱԼ-ի խիստ գրաքննության պատճառով, հայտնում է BBC-ն։ Իսրայելի բանակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրանական հարվածներից պատճառված վնասը՝ հայտարարելով միայն, որ «բոլոր համապատասխան ստորաբաժանումները պահպանել են մարտունակությունը ողջ գործողության ընթացքում»։
Telegraph-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև իրանական հրթիռների մեծ մասը որսացվել է, հակամարտության առաջին ութ օրերի ընթացքում պաշտպանությունը ճեղքած արկերի թիվը կայուն աճել է։ Դրա պատճառները պարզ չեն, սակայն, ըստ փորձագետների, կարող են լինել Իսրայելի մոտ կալանորդիչների սահմանափակ պաշարները, արձակման կատարելագործված մարտավարությունը և Իրանի կողմից ավելի բարդ հրթիռների օգտագործումը, գրում է թերթը։