Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է, որ երկրի իշխանությունները վճռական գործողություններ կձեռնարկեն Մելբուռնի սինագոգի վրա կատարված հրկիզումից հետո, որը ոստիկանությունը որակել է որպես հնարավոր ատելության հողի վրա կատարված հրկիզում, հաղորդում է BBC-ն։

Հսկիչ տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է անծանոթ մի տղամարդ ուրբաթ երեկոյան հեղուկ լցրել դռան մուտքի վրա և հրկիզել այն։ Հրկիզման պահին շենքի ներսում եղել է մոտ 20 մարդ, որոնք հավաքվել էին ընթրիքի համար։ Բոլորն անմիջապես տարհանվել են և որևէ մեկը վնասվածքներ չի ստացել։

Ոստիկանությունը Սիդնեյի արվարձանից ձերբակալել է 34-ամյա Անջելո Լորասին։ Նրան մեղադրանք է առաջադրվել հրկիզման և մարդկանց կյանքին վտանգ սպառնալու համար։ Նա շուտով կներկայացվի դատարան։

Իրավապահները նաև պարզում են, թե արդյոք այդ հրկիզումը կապված է հրեական ընտանիքին պատկանող Միզնոն ռեստորանի վրա հարձակման հետ, որը տեղի է ունեցել նույն երեկոյան քաղաքի գործարար թաղամասում: Ցուցարարների մի խումբ ներխուժել է ռեստորան, նետել կահույք և սպառնալիքներ է հնչեցրել, ինչպիսիք են՝ «Մահ Իսրայելի պաշտպանության բանակին»։ Հարձակվողներից մի քանիսը ձերբակալվել են։

«Հակասեմականությունը տեղ չունի Ավստրալիայում», - ասել է վարչապետ Ալբանեզեն։ «Այս սարսափելի գործողությունների պատասխանատուները պետք է լիովին պատասխանատվության ենթարկվեն օրենքի շրջանակում։ Իմ կառավարությունը կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը՝ պատասխանատուներին գտնելու և արդարադատության առաջ կանգնեցնելու համար»։

Ավստրալիայի հրեական համայնքի Գործադիր խորհրդի ղեկավար Ալեքս Ռիվչինը հայտարարել է, որ հարձակումները վկայում են տեղի հրեական համայնքին սպառնացող լուրջ վտանգների մասին: Նա ասել է, որ վերջին ամիսներին Ավստրալիայում հակասեմական միջադեպերի ալիք է գրանցվել, քանի որ Իսրայելի և Համասի միջև լարվածությունը սրվել է:

«Ավստրալիայում չափազանց շատ հակասեմական հարձակումներ են եղել», - ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը՝ հավելելով, որ Կանբերան պետք է ավելին անի այդ «թունավոր հիվանդության» դեմ պայքարելու համար։

Մերձավոր Արևելքում պատերազմից հետո Ավստրալիայում աճել են ինչպես հակաիսլամական, այնպես էլ հակասեմական բռնությունները: Իշխանությունները արդեն նշանակել են հակասեմականության դեմ պայքարի հատուկ հանձնակատար և խստացրել են ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ օրենքները։