Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այս շաբաթվա Մեծ Բրիտանիա այցելությունը՝ ֆրանսիացի առաջնորդի առաջին լիարժեք պետական այցն է 2008 թվականից ի վեր, այն դարձել է երկու երկրների միջև երկար տարիների լարվածությունից հետո բարեկամության և հարաբերությունների «վերբեռնման» կարևոր խորհրդանիշ, գրում է Politico-ն։
Դաունինգ սթրիթում իշխանափոխությունից սկսած Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիիր Սթարմերն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կարգավորել են անձնական հարաբերությունները: Բրիտանական կառավարության նոր ղեկավարը ձգտում է հարթել ձգձգված տարաձայնությունները Ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Եվրամիության հետ: Սպասվում է, որ այցի ընթացքում առաջնորդները կքննարկեն պաշտպանական համագործակցության ամրապնդումը, Լա Մանշով միգրացիայի վերաբերյալ նոր համաձայնագիրը և համատեղ միջուկային նախագծերի զարգացումը: Չարլզ թագավորը կընդունի Ֆրանսիայի նախագահին և առաջին տիկնոջը Վինձորի ամրոցում։
Այնուամենայնիվ, ընկերական գրկախառնությունների և ժպիտների հետևում ընկած են տարաձայնությունների առաջին ակնարկները: Լոնդոնն ու Փարիզը վերջին շրջանում սերտորեն համակարգում են իրենց ջանքերը՝ Դոնալդ Թրամփին Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում պահելու համար: Բայց բանակցությունները մնում են նույն տեղում և երկու կողմերի պաշտոնյաներն ավելի ու ավելի են դժգոհում այն բանից, թե ինչպես են գործընկերներն աշխատում անկանխատեսելի ԱՄՆ նախագահի հետ:
«Մեծ Բրիտանիան նախընտրում է բարդ թեմաներ քննարկել Վաշինգտոնի հետ փակ դռների հետևում՝ ի տարբերություն Մակրոնի ոճին», - ասել է բրիտանացի նախկին դիվանագետը:
Ֆրանսիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Ռիկետսը խոստովանում է, որ հարաբերությունները բարելավվել են Բորիս Ջոնսոնի և Լիզ Թրասի «շատ դժվար ժամանակաշրջանի» համեմատ, բայց «զգուշավոր շփումը» դեռ մնում է:
Տարաձայնություններ Թրամփի և սակագների վերաբերյալ
Խոչընդոտող հիմնական հարցերից մեկը Դոնալդ Թրամփի նկատմամբ ցուցաբերվող մոտեցումն է։ Ֆրանսիացի վերլուծաբանների խոսքով՝ Մակրոնը հակված է գործել ավելի բաց և երբեմն նույնիսկ հրապարակայնորեն վիրավորում է Թրամփի ինքնասիրությունը։ Իսկ Սթարմերը, ընդհակառակը, նախընտրում է զգույշ գործել և «հարմարվել Թրամփին», ինչը մի բրիտանացի պաշտոնյա բնութագրել է որպես «ամոթալի, բայց անհրաժեշտ»։




























