Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Եմենի կարևորագույն շրջանների, այդ թվում՝ Ալ-Հուդայդա ռազմավարական նավահանգստի և Ռաս ալ-Հատի էլեկտրակայանի վրա կատարված հարվածները, հաղորդում է Mehr-ը։

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային Եմենի տնտեսական և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ օդանավակայանների, նավահանգիստների, էլեկտրակայանների և սննդի պահեստների վրա Իսրայելի կողմից բազմիցս կատարված հարձակումները անվանել է եմենցի ժողովրդի դեմ ուղղված կոպիտ հանցագործություն։

Դիվանագետը շեշտել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությունը միայն նպաստում է տարածաշրջանում Իսրայելի ագրեսիայի շարունակմանը։

Նրա խոսքով՝ Թել Ավիվի անպատժելիության հիմնական պատճառը մնում է «Միացյալ Նահանգների և մի շարք արևմտյան երկրների համապարփակ աջակցությունը»։ Բաղային կոչ է արել միջազգային հանրությանը և տարածաշրջանային պետություններին կատարել իրենց «իրավական և բարոյական պարտականությունը»՝ դիմակայել «օկուպացված պաղեստինյան տարածքներում ցեղասպանությանը» և պատժել «այս կեղծ ռեժիմի» ղեկավարությանը լուրջ հանցագործությունների համար։

Երկուշաբթի օրն ավելի վաղ Ալ-Հուդայդա ռազմավարական նավահանգիստը ենթարկվել է Իսրայելի կողմից իրականացված զանգվածային ավիահարվածի։ Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով տեղական աղբյուրներին, նավահանգստային քաղաքում լսվել են հզոր պայթյուններ։

«Անսարուլլահ» շարժումը պաշտոնապես հաստատել է հարձակումը և հայտնել նավահանգստի վրա մի շարք ավիահարվածների մասին։ Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը նավահանգստի ենթակառուցվածքների վրա արձակել են առնվազն 20 ծանր հրթիռ։