Արդեն ունենք շոշափելի արդյունքներ, մասնավորապես՝ փոխադարձ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում. ինչպես կարող ենք տեսնել, օրինակ, նախորդ տարվա համեմատ մեր փոխադարձ առևտրի ծավալն աճել է 700 միլիոնով։ Այս մասին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN) տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան–Չինաստան հարաբերությունենրին։
«Մենք նաև մեկնարկել ենք Երևան-Ուրումչի ուղիղ օդային չվերթը։ Այսպիսով, գործարար շփումներն աճում են, առևտուրը, ժողովուրդների միջև կապերը, մշակութային հարաբերությունները զարգանում են, քաղաքական երկխոսությունը ևս ակտիվ է։ Եվ սա դեռ հարաբերությունների զարգացման ամբողջ ներուժը չէ։ Իմ գործընկերոջ՝ նախարար Վան Յիի հետ համատեղ մենք քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, համաշխարհային քաղաքականությանն առնչվող մեր մոտեցումների նմանությունը, մեր համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև երկկողմ օրակարգը։
Սա կարող է դառնալ մեր հարաբերություններում նոր էջի սկիզբ, և լիահույս եմ, որ մոտակա ամիսներին կտեսնենք շոշափելի արդյունքներ»,– ասել է նա։
Անդրադառնալով Իրան-Իսրայել վերջին հակամարտությանը, նա նշել է. «Հայաստանն, Իրանին սահմանակից, հարևան պետություն է, և մենք մեծապես մտահոգված էինք ու արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ դատապարտելով միակողմանի ուժի կիրառումը՝ հարձակումը Իրանի վրա հենց առաջին օրը։ Ի դեպ, մեր դիրքորոշումը բավականին մոտ էր Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից ավելի ուշ արտահայտված մոտեցմանը։ Սա ոչ միայն մեր՝ Իրանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների հիմքով, այլև հաշվի առնելով հնարավոր սպառնալիքը, հնարավոր միջուկային աղտոտումը։
Կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը սահմանակից պետություն է։ Մենք լրջորեն մտահոգված էինք, և այժմ տեսնում ենք, որ հրադադար է հաստատվել։ Հուսով ենք, որ այն կպահպանվի, և բոլոր խնդիրները կլուծվեն դիվանագիտական ուղիներով, բանակցությունների միջոցով։
Մենք շահագրգռված ենք մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Որպես երկիր, որը բախվել է և պատերազմի ոչ շատ վաղ անցյալում, վերջին մի քանի տարիների ընթացքում, մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ ոչ միայն մեր սահմաններին, այլև մյուս տարածաշրջաններում և ավելի լայն աշխարհագրությամբ։ Եվ այս իմաստով, ինչպես մենք հասկանում ենք, մեր մոտեցումները շատ մոտ են ՉԺՀ մոտեցումներին։
Մենք ունենք խաղաղության օրակարգ, որը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է։ Մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ։
Մենք համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ։ Այժմ պատրաստ ենք ստորագրել և հետո վավերացնել այս խաղաղության համաձայնագիրը։ Մենք փորձում ենք կարգավորել մեր հարաբերությունները նաև մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ։
Այսպիսով, խաղաղությունն այն է, ինչին մենք իսկապես հավատում ենք։ Եվ կրկին, մեկ անգամ էլ ընդգծեմ, այդպես ենք ընկալում նաև չինական մոտեցումը, ՉԺՀ քաղաքականությունը։ Եվ մենք հիշում ենք, և շնորհակալ ենք, որ Չինաստանը նույնպես ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնությունը, և աջակցում է խաղաղ բանակցություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Եթե ավելի լայն նայենք միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային հարաբերություններում կանոնների բացակայությունը ոչ միայն ձեռնտու չեն ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև, ինչպես մենք հասկանում ենք, Չինաստանի համար և մարդկության համար, ընդհանուր առմամբ։ Եթե ընդհանուր և վերջնական նպատակն է միջազգային իրավունքի հաստատումը կամ վերականգնումը կամ ամրապնդումը, բազմաբևեռության ուժեղացումը, ապա մենք լիովին կիսում ենք այս մոտեցումը։





























