Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգուր Օզելի դեմ՝ նրան մեղադրելով վիրավորանքի մեջ և պահանջելով 500 հազար լիրա (մոտ 12,5 հազար դոլար) բարոյական փոխհատուցում: Այս մասին հայտնել է թուրք առաջնորդի փաստաբան Հուսեյն Այդինը, հաղորդում է TASS-ը:
«ԺՀԿ նախագահ Օզգյուր Օզելի կողմից մեր նախագահի դեմ հուլիսի 5-ին արված անհիմն մեղադրանքների, վիրավորական հայտարարությունների և սպառնալիքների պատճառով Անկարայի քաղաքացիական առաջին ատյանի դատարան է ներկայացվել 500,000 լիրայի չափով բարոյական վնասի փոխհատուցման հայց: Բացի այդ, Անկարայի գլխավոր դատախազություն է ներկայացվել բողոք՝ Հանրապետության նախագահին վիրավորելու և նրան սպառնալու մեղադրանքով՝ համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 310/2 հոդվածի», - գրել է փաստաբանը X-ում:
Հուլիսի 5-ին ԺՀԿ գործադիր կոմիտեի նիստից հետո մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Օզելը Էրդողանին մեղադրել է ավտորիտարիզմի մեջ՝ կապված Անթալիայի, Ադանայի, Ադըյամանի և Մանավգաթի քաղաքապետերի նույն օրը կոռուպցիոն գործերով կալանավորման հետ: Նա նաև պահանջել է նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, որոնցում, ըստ նրա, գործող կառավարությունը կպարտվի։
Էրդողանը բազմիցս հայցեր է ներկայացրել ԺՀԿ-ի առաջնորդի դեմ՝ վիրավորանքների համար։ Նախկինում նա դատարան է դիմել այն բանից հետո, երբ Օզելը ապրիլի 6-ին կայացած կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ Թուրքիայի նախագահին անվանել է «խունտայի առաջնորդ»։ Էրդողանը նաև պահանջել է 500,000 լիրա բարոյական վնասի փոխհատուցում։




























