ԲՐԻԿՍ երկրները Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովում մերժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները, որ խումբը «հակաամերիկյան» է: Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան լրագրողներին ասել է, որ աշխարհին այլևս միապետներ պետք չեն՝ մեկնաբանելով Թրամփի սպառնալիքները ԲՐԻԿՍ երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին:

ԱՄՆ նախագահի սպառնալիքը հնչել է կիրակի երեկոյան, երբ ԱՄՆ կառավարությունը պատրաստվում է հուլիսի 9-ի վերջնաժամկետից առաջ ավարտին հասցնել այլ երկրների հետ տասնյակ առևտրային համաձայնագրեր: Դրանից հետո Թրամփը մտադիր է լուրջ «պատասխան մաքսատուրքեր սահմանել», հաղորդում է Reuters-ը:

Սպիտակ տան դիրքորոշմանը ծանոթ աղբյուրի խոսքով՝ Թրամփի վարչակազմը դեռևս չի պլանավորում անմիջապես լրացուցիչ 10% մաքսատուրքեր սահմանել ԲՐԻԿՍ երկրներից ներմուծվող ապրանքների վրա, բայց կարող է դա անել, եթե կարծի, որ առանձին երկրներ «հակաամերիկյան» քաղաքականություն են վարում:

Գագաթնաժողովից հետո Լուլա դա Սիլվան պատասխանել է ԱՄՆ-ի հնարավոր մաքսատուրքերի մասին հարցին. «Աշխարհը փոխվել է: Մենք միապետ չենք ուզում»: Նա հավելել է, որ BRICS-ը երկրների միավորում է, որը ցանկանում է առաջարկել համաշխարհային տնտեսության կազմակերպման այլընտրանքային եղանակ: «Ահա թե ինչու BRICS-ը որոշ մարդկանց անհարմարություն է պատճառում», - ասել է Լուլան։

Փետրվարի սկզբին Թրամփը զգուշացրեց, որ BRICS-ը կբախվի 100% մաքսատուրքերի, եթե փորձի խաթարել ԱՄՆ դոլարի դերը համաշխարհային առևտրում: Դրան չնայած, Լուլան կրկնեց, որ համաշխարհային առևտրին անհրաժեշտ են ամերիկյան արժույթի այլընտրանքներ. «Աշխարհը պետք է գտնի առևտրի միջոց, որպեսզի մեր հարաբերությունները լիովին կախված չլինեն դոլարից»: Նա նշեց, որ նման փոփոխությունները պետք է տեղի ունենան «աստիճանաբար և պատասխանատու կերպով»՝ երկրների կենտրոնական բանկերի միջև համակարգված:

BRICS-ի այլ առաջնորդներ նույնպես զգուշորեն արձագանքել են Թրամփի սպառնալիքներին: Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան լրագրողներին ասել է, որ խումբը չի ձգտում մրցակցել որևէ այլ տերության հետ և վստահություն հայտնել, որ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագիրը դեռևս հնարավոր է:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը Պեկինում նշել է, որ մաքսատուրքերը չպետք է օգտագործվեն որպես ճնշման գործիք: «BRICS-ը պաշտպանում է փոխշահավետ համագործակցությունը և ուղղված չէ որևէ երկրի դեմ»: Կրեմլն իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի համագործակցությունը BRICS-ի հետ հիմնված է «աշխարհի ընդհանուր տեսլականի» վրա և ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Հնդկաստանը դեռևս պաշտոնական պատասխան չի տվել։ BRICS-ի շատ երկրներ և գործընկեր պետություններ մեծապես կախված են Միացյալ Նահանգների հետ առևտրից։ Օրինակ՝ Ինդոնեզիայի էկոնոմիկայի նախարար Այրլանգգա Հարտարտոն, որը մասնակցել է Բրազիլիայում կայացած գագաթնաժողովին, արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ՝ սակագնային բանակցությունների համար։ Մալայզիան, որը մասնակցել է հանդիպմանը որպես գործընկեր, հիշեցրել է, որ ինքը հավատարիմ է անկախ տնտեսական քաղաքականությանը և չի առաջնորդվում գաղափարախոսական դաշինքներով։

Ավելի վաղ, համատեղ հայտարարության մեջ BRICS-ի առաջնորդները դատապարտել են Իրանի վերջին ռմբակոծությունները և զգուշացրել, որ սակագների բարձրացումը սպառնում է համաշխարհային առևտրին՝ կրկին ակնարկելով Վաշինգտոնի պրոտեկցիոնիստական ​​քաղաքականության քննադատությանը։