Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Գազայի հատվածում գտնվող բոլոր պաղեստինցիներին Ռաֆահ քաղաքի ավերակների վրա բռնի կերպով մեծ ճամբար տեղափոխելու ծրագրերի մասին, ինչը, ըստ իրավաբանների և հետազոտողների, մարդկության դեմ հանցագործությունների հստակ սցենար է։

Ըստ «Haaretz» թերթի՝ Կացը նշել է, որ ինքն արդեն հրամայել է իսրայելական բանակին պատրաստվել ավերված Ռաֆահի տեղում այսպես կոչված «մարդասիրական քաղաքի» ստեղծմանը: Նախքան այդ ճամբարում հայտնվելը, պաղեստինցիները կանցնեն «անվտանգության ստուգում» և այլևս չեն կարողանա լքել շրջագիծը, որը լիովին կվերահսկվի իսրայելական զինված ուժերի կողմից։

Կացը մանրամասնել է, որ առաջին փուլում նախատեսվում է «վերաբնակեցնել» մոտ 600 հազար մարդու՝ հիմնականում նրանց, ովքեր արդեն գտնվում են ալ-Մավասի շրջանի հարկադիր ճամբարում: Ապագայում Ղազայի բոլոր բնակիչները պետք է տեղափոխվեն այնտեղ: Նրա խոսքով՝ «արտագաղթի ծրագիրը» կիրականացվի. «Դա տեղի կունենա», - նախարարի խոսքերն է մեջբերում Haaretz-ը։

Այս տարվա սկզբից ի վեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և այլ քաղաքական գործիչներ ակտիվորեն առաջ են մղում պաղեստինցիների «կամավոր» վերաբնակեցման գաղափարը Գազայի սահմաններից դուրս, հիմնականում Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված պատրվակով, որն առաջարկել է «մաքրել» Գազայի հատվածը՝ բնակչության զգալի մասի վտարման միջոցով։

Սակայն իրավաբանները պնդում են, որ այս ծրագիրը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: «Կացը նկարագրել է մարդկության դեմ հանցագործության գործառնական ծրագիր: Դա ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտում», - ասել է Իսրայելի առաջատար իրավաբաններից մեկը՝ մարդու իրավունքների պաշտպան Մայքլ Սֆարդը: Նա ասել է, որ բռնության և շրջափակման պայմաններում ցանկացած «կամավոր» տեղահանություն չի կարող համարվել օրինական համաձայնություն, նշում է Guardian-ը:

«Երբ մեկը բռնի կերպով վտարվում է իր հայրենի հողից, դա ռազմական հանցագործություն է։ Եթե դա արվում է զանգվածային մասշտաբով, ապա դա արդեն մարդկության դեմ հանցագործություն է», - ընդգծել է նա։

Կացը իր ծրագրերը հրապարակել է Նեթանյահուի Վաշինգտոն այցից կարճ ժամանակ առաջ, որտեղ նա բանակցություններ կվարի Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հրադադարի կամ առնվազն 21 ամիս շարունակվող պատերազմի դադարեցման վերաբերյալ: Պաշտպանության նախարարի խոսքով՝ «մարդասիրական քաղաքի» նախապատրաստումը կարող է սկսվել հենց հնարավոր հրադադարի ժամանակահատվածում: Իսրայելը նաև ակտիվորեն փնտրում է երկրներ, որոնք պատրաստ են «ընդունել» պաղեստինցիներին։

Երկուշաբթի օրը Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ Նեթանյահուն ասել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը «աշխատում են այլ երկրների հետ»՝ պաղեստինցիներին «ավելի լավ ապագա» ապահովելու համար: «Եթե մարդիկ ցանկանում են մնալ, կարող են մնալ, բայց եթե ցանկանում են հեռանալ, պետք է կարողանան դա անել», - ասել է վարչապետը Թրամփի հետ ընթրիքից առաջ։

Ավելի վաղ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը նույնպես բացահայտորեն արտահայտվել է Գազայում նոր իսրայելական բնակավայրերի կառուցման օգտին:

Reuters-ը հաղորդում է, որ ճամբարներ՝ այսպես կոչված «մարդասիրական տարանցիկ գոտիներ» ստեղծելու նախագիծն արդեն քննարկվել է Թրամփի վարչակազմի և Սպիտակ տան հետ։ Սակայն, «Գազայի մարդասիրական հիմնադրամը» (GHF), որը արտահոսքերում հիշատակվում էր որպես 2 միլիարդ դոլարի ծրագրի նախաձեռնող, հերքում է իր մասնակցությունը՝ պնդելով, որ հրապարակված ներկայացումները իրենց փաստաթղթերը չեն։

Պաղեստինցիների հարկադիր տեղահանման վերաբերյալ մտահոգություններ առաջացել են նաև նախկինում՝ գարնանը իսրայելցի պահեստազորայինները դատարան են դիմել՝ Գազայի բնակչությանը «մոբիլիզացնելու և կենտրոնացնելու» և ցանկացած տեղահանման ծրագիր արգելելու ռազմական հրամանները չեղյալ համարելու համար: Ի պատասխան՝ շտաբի պետի գրասենյակը հայտարարել է, որ գործողությունը «բնակչությանը կենտրոնացնելու» կամ տեղահանելու նպատակ չի ունեցել:

Այս պնդումները այժմ լիովին հակասում են Կացի խոսքերին, ասում է Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հոլոքոստի պատմաբան, պրոֆեսոր Ամոս Գոլդբերգը, ով կարծում է, որ խաղադրույքի տակ է «համակենտրոնացման ճամբարի կամ տարանցիկ կետի ստեղծումը՝ զանգվածային տեղահանություններից առաջ»։

«Սա քաղաք կամ մարդասիրական գոտի չէ», - ընդգծում է նա։ «Քաղաքը աշխատանքի, ուսման, տեղաշարժի ազատության վայր է։ Այստեղ խոսքը փակ տարածքի մասին է՝ առանց նորմալ կենսապայմանների, դպրոցների, հիվանդանոցների և ազատության»։

Գոլդբերգը հարցնում է. «Ի՞նչ կլինի, եթե պաղեստինցիները հրաժարվեն ենթարկվել շարժվելու հրամանին և փորձեն ապստամբել։ Նրանք լիովին անօգնական չեն»։