Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ փոխշահավետ առևտրային համաձայնագրի հասնելու համար, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից ճապոնական ապրանքների վրա 25% մաքսատուրքերի սահմանման մասին։

Թրամփը երկուշաբթի օրը սկսել է տեղեկացնել առևտրային գործընկերներին ԱՄՆ մաքսատուրքերի զգալի բարձրացման մասին, սակայն ավելի ուշ ազդարարել է, որ պատրաստ է հետաձգել դրանք, եթե երկրները ներկայացնեն ընդունելի առաջարկներ, հաղորդում է Reuters-ը։

Այս քայլը հանգեցրել է իենի փոխարժեքի լայն անկման, քանի որ տոկոսադրույքի շուտափույթ բարձրացման ակնկալիքները նվազել էին։

Թեև Տոկիոն և Վաշինգտոնը դեռևս համաձայնության չեն եկել, սակայն Իշիբան նշել է, որ վերջին բանակցությունները օգնել են Ճապոնիային խուսափել մոտ 30-35% ավելի բարձր մաքսատուրքերից։

«Մենք Միացյալ Նահանգներից առաջարկ ենք ստացել արագորեն շարունակել բանակցությունները մինչև օգոստոսի 1-ի նոր սահմանված վերջնաժամկետը և Ճապոնիայի պատասխանից կախված՝ նամակի բովանդակությունը կարող է վերանայվել», - ասել է Իշիբան Ճապոնիայի սակագնային ռազմավարության վերաբերյալ կաբինետի նախարարների հետ հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ Ճապոնիան «ակտիվորեն կփնտրի հնարավորություն՝ համաձայնագիր կնքելու համար, որը օգտակար կլինի երկու երկրների համար և միևնույն ժամանակ կպաշտպանի Ճապոնիայի ազգային շահերը»։

Տուրքերի շուրջ անորոշությունը դոլարի փոխարժեքը բարձրացրել է մինչև վերջին երկու շաբաթների առավելագույնը՝ 146.44 իեն, այն պայմաններում, երբ թուլացել են սպասումները, որ Ճապոնիայի բանկը հուլիսի 31-ի եռամսյակային զեկույցում կցուցաբերի կոշտ դիրքորոշում, ինչը կարող էր նախադրյալ ստեղծել այս տարի տոկոսադրույքի բարձրացման համար։

«Եթե նոր վերջնաժամկետը սահմանվի օգոստոսի 1-ը, ապա Ճապոնիայի Բանկը, հավանաբար, շատ բան չի ունենա ասելու իր առաջիկա հուլիսյան զեկույցում», - ասել է Kansai Mirai Bank-ի ռազմավարագետ Տակեշի Իշիդան: «Շուկան կվերանայի իր սպասումները տոկոսադրույքի անխուսափելի բարձրացման վերաբերյալ»:

Երեքշաբթի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում ֆինանսների նախարար Կացունոբու Կատոն հայտարարել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ փոխարժեքի վերաբերյալ բանակցություններ վարելու անմիջական ծրագրեր չունի։