Մեխիկո քաղաքում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ցույց բնակարանային գների բարձրացման և կենտրոնական շրջաններից տեղի բնակիչների տեղահանման դեմ: AP-ի տվյալներով՝ ցույցին մասնակցել են հարյուրավոր մարդիկ և ընդհանուր առմամբ այն խաղաղ է եղել, սակայն վերջում ցուցարարներից մի քանիսը կոտրել են խանութների ցուցափեղկեր և թալանել խանութներ:

Պաստառների վրա գրված են եղել այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Գրինգոներ, դադարեցրեք մեր տների գողությունը» և «Բնակարան տեղացիների համար»։ Ակցիան պայմանավորված է եղել Մեխիկո քաղաքի նախկին քաղաքապետ (ներկայիս նախագահ) Կլաուդիա Շեյնբաումի քաղաքականությամբ. 2022 թվականին նա համաձայնագիր է ստորագրել Airbnb-ի և ՅՈւՆԵՍԿՈ-ի հետ՝ նպատակ ունենալով ներգրավել ավելի շատ զբոսաշրջիկների և «թվային քոչվորների»՝ ԱՄՆ-ից ու Եվրոպայից ժամանող հեռավար աշխատողների։

Այդ ժամանակվանից ի վեր, այնպիսի թաղամասեր, ինչպիսիք են Ռոման և Կոնդեսան, դարձել են «օտարերկրացիների համար օազիսներ», որտեղ ավելի ու ավելի շատ կարճաժամկետ վարձակալության տներ են լինում, իսկ փողոցներում ավելի ու ավելի քիչ է խոսվում իսպաներեն։ Բնակարանների և վարձակալության գները այնքան են բարձրացել, որ երիտասարդներն ու աշխատավոր դասը ստիպված են լքել քաղաքը։

Նախագահ Շեյնբաումը քննադատել է բողոքի ակցիան՝ այն համարելով «քսենոֆոբ»՝ օտարերկրացիների դեմ կարգախոսների պատճառով։ Հակագենտրիֆիկացիոն ճակատի կազմակերպիչները չեն ընդունել մեղադրանքները՝ ասելով, որ խնդրի հիմնական պատճառը կառավարության անգործությունն է և վարձակալության շուկայի նկատմամբ վերահսկողության բացակայությունը։

Մասնագետները նաև ընդգծում են, որ բողոքի ալիքը կապված է ոչ միայն օտարերկրացիների հետ, այլև բնակարանային քաղաքականության տասնամյակների ձախողումների հետ։ Inside Airbnb-ի տվյալներով՝ Մեխիկոյում այժմ կա ավելի քան 26,000 անշարժ գույք՝ գրեթե նույնքան, որքան Նյու Յորքում կամ Բարսելոնայում, որտեղ բնակիչները նույնպես բողոքում են զանգվածային զբոսաշրջության դեմ։

Վերջերս քաղաքը ընդունել է վարձակալության նոր կանոնակարգեր՝ սահմանափակելով Airbnb-ի վարձակալությունը տարեկան 180 օրով, սակայն հետազոտողները նշում են, որ այդ կանոնների կիրառումը հետաձգվում է առնվազն մինչև 2026 թվականը։

«Սա ակնհայտորեն բավարար չէ», - ասում է սոցիոլոգ Անտոնիո Ացելան: «Խնդիրը լուծելու միակ ճանապարհը շուկայի համակարգային կարգավորումն է, այլ ոչ թե միայն Airbnb-ի դեմ պայքարը»: