Վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հիմնական ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում՝ ներկայացնելով ԵՄ Խորհրդի նախագահության համար Դանիայի առաջնահերթությունները։

Իր բացման խոսքում նա զգուշացրել է․ «Եվրոպան բախվում է 1940-ական թվականներից ի վեր իր ամենամեծ մարտահրավերներին», թվարկելով հրատապ խնդիրների աճող ցանկը՝ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, միգրացիան, Մերձավոր Արևելքը, առևտուրը և ահաբեկչությունը։

«Սպառնալիքները շատ են և լուրջ, բայց ես հավատում եմ Եվրոպային։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք առաջ տանել մեր մայրցամաքը, կառուցել ավելի անվտանգ Եվրոպա, ավելի կանաչ և ավելի մրցունակ Եվրոպա, վաղվա նոր Եվրոպա՝ մեր քաղաքացիների համար նոր հնարավորություններով և բարգավաճմամբ։ Բայց միայն այն դեպքում, եթե հիշենք, թե ինչի վրա են կառուցված մեր հասարակությունները և ովքեր ենք մենք իրականում որպես եվրոպացիներ», - ասել է Ֆրեդերիկսենը։

Նա նշել է, որ ԵՄ Խորհրդի նախագահության ընթացքում իր երկրի առաջնահերթությունները կլինեն «անվտանգ Եվրոպան» և «մրցունակ և կանաչ Եվրոպան»։

«Առաջին հերթին մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր սեփական անվտանգության համար», - ընդգծել է Ֆրեդերիկսենը։

Նրա խոսքով՝ «պաշտպանական ծախսերի կրճատումը վերջին 30 տարիների ընթացքում հսկայական սխալ է եղե;, որը մենք չենք կրկնի»։ Նա նշել է, որ չպետք է թերագնահատել Արևելքից եկող սպառնալիքը։ Ռուսաստանի ռազմական վերազինումը նշանակում է, որ առաջիկա երկու-հինգ տարիների ընթացքում այն ​​կկարողանա իրական ռազմական սպառնալիք ներկայացնել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար։

«Եվ Ռուսաստանը այլևս միայնակ չի գործում. սա ակնհայտ է Ուկրաինայի օրինակից։ Հյուսիսային Կորեան մատակարարում է զինվորներ և զինամթերք, Իրանը՝ հրթիռներ, իսկ Չինաստանը՝ ռազմական տեխնոլոգիաներ։ Մենք պետք է գործենք հիմա՝ այս սպառնալիքին արձագանքելու համար», - ասել է Դանիայի վարչապետը։

Ֆրեդերիկսենը նաև ընդգծել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի ինքնապաշտպանության մինչև 2030 թվականը և սովորի Ուկրաինայից «տպավորիչ պաշտպանական արդյունաբերություն» զարգացնելու հարցում։

Նա նաև ասել է, որ Եվրոպան պետք է «շարունակի աջակցել Ուկրաինային ամեն կերպ, որպես եվրոպացիներ, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

«Մեր նվիրատվությունները նվեր կամ բարեգործություն չեն։ Դրանք Եվրոպայի, մեր կյանքի և մեր ազատության անմիջական պաշտպանություն են», - ընդգծել է Ֆրեդերիկսենը։

Նա կոչ է արել Ռուսաստանի դեմ «ամենախիստ պատժամիջոցների» կիրառմանը և աջակցություն է հայտնել ԵՄ ընդլայնմանը՝ ներառելով Ուկրաինան, Մոլդովան և Արևմտյան Բալկանները։