«Կոստա Կոնկորդիա» ճամփորդական նավը ժայռին կարող էր հարվածել այն բանի պատճառով, որ նավապետը որոշել էր ցուցադրել իրեն եւ նավը հնարավորինս մոտեցնել ափին` Ջիլյո կղզում գտնվող ընկերոջը ողջունելու համար: Նման եզրահանգման է եկել հետաքննությունը: Հետաքննության տվյալներով` արտակարգ պատահարի պահին կղզում է գտնվել նավապետի ծանոթ Ֆրանչեսկո Սկետինոն` իտալական առեւտրային նավատորմի նավաստին:

Դատախազությունում վստահ են, որ նավապետը նավը նպատակամղված քշել է ափամերձ ժայռերի ուղղությամբ, որպեսզի պարծենա ընկերոջ եւ տեղի բնակիչների առջեւ:

52-ամյա նավապետի գործողությունները դատախազությունում որակել են իբրեւ անպատասխանատու եւ անփույթ քայլ, գրում է Pravda.ru-ն:

Հիշեցնենք, ավելի վաղ Costa Crociere նավագնաց ընկերության ներկայացուցիչները արդեն հայտարարել էին, որ վթարի պատճառը, ենթադրվում է, դարձել է նավապետի սխալը: Նավապետ Սկետինոն իրեն արդարացնելու համար հայտարարել էր, որ նավը բախվել է ստորջրյա ժայռերին, որոնք նշված չեն եղել քարտեզում: Դատախազությունը 52-ամյա Սկետինոյին մեղադրում է անփութության եւ նախքան ուղեւորների տարհանումը նավը լքելու համար: Նրան մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Դեպքի հիմնական վարկածներից է մարդկային գործոնը, ինչպես նաեւ տեխնիկայի անսարքությունը: Եւս մեկ վարկածի համաձայն Ջիլյո կղզում ջրի մակարդակը սպասվածից ցածր է եղել:

Վերջին տվյալներով` հունվարի 14-ի գիշերը «Կոստա Կոնկորդիայի» խորտակման արդյունքում վեց մարդ է զոհվել, 14-ը անհետ կորած են: Նավի վրա ընդհանուր թվով 4200 մարդ է գտնվել, 79-ը ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: