Բեյրութում փլուզված տան փլատակների տակից 18 մարդու դիակ են դուրս բերել: Հաջողվել է փրկել 12 մարդու: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր 11 զոհի ու 11 վիրավորի մասին:
Կարմիր խաչի ներկայացուցչի խոսքով, կենդանի մնացածներին գտնելու շանսերը շատ փոքր են: Ընդհանուր առմամբ, 1940-ականներին կառուցված տանն ապրում էր շուրջ 50 մարդ: Շենքի սեփականատիրոջը կալանավորել են եւ հարցաքննում են:
Լիբանանի ուժային կառույցների աղբյուրները հայտնում են, որ զոհերի թվում 10-ը ներգաղթյալներ են Սուդանից ու Հորդանանից: Նրանց շարքում մեկը 15-ամյա մի աղջիկ է:
Վիրավորների թվում կան Եգիպտոսի ու Ֆիլիպինների քաղաքացիներ: Փրկարարները շարունակում են որոնողական գործողությունները:
Շենքի փլուզման պատճառները պարզվում են: Վարկածներից մեկով, 5-հարկանի շենքը կարող էր փլվել բազմաթիվ ճաքերից ու անձրեւներից: Մեկ այլ վարկածով, այն փլվել է հարակից հրապարակում շինարարական աշխատանքների «վիբրացիայից», հաղորդում է Associated Press-ը:




























