ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջազգային հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը երեքշաբթի հայտարարել է, որ հույս ունի այս շաբաթվա վերջում Գազայում հրադադարի համաձայնագրի հասնել: Նրա խոսքով՝ բանակցողներին հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել հիմնական տարաձայնությունների լուծման գործում, հաղորդում է CNN-ը:
Երեքշաբթի օրը Թրամփը նաև հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը: Առաջնորդները «գրեթե բացառապես» քննարկել են Գազայում տիրող իրավիճակը: Սա երկրորդ հանդիպումն էր երկու օրվա ընթացքում, ինչը, վերլուծաբանների կարծիքով, ցույց է տալիս, որ Իսրայելի և Համասի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը մեծանում են:
«Նա այսօր երեկոյան կրկին կգա: Մենք խոսում ենք Գազայի մասին, հիմնականում Գազայի: Մենք պետք է լուծենք այս հարցը», - ավելի վաղ ասել էր Թրամփը կաբինետի նիստի ժամանակ:
Սթիվ Վիտկոֆը, որը այս շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Կատար՝ հրադադարի շուրջ բանակցելու, ասել է, որ կողմերը կրճատել են հարցերի թիվը չորսից մինչև մեկը: Պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվում է ազատ արձակել մինչև 10 կենդանի պատանդի և հանձնել ևս ինը մարդու մարմիններ:
Աղբյուրները հայտնել են, որ Կատարի պատվիրակությունը նաև բանակցություններ է վարել Սպիտակ տանը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Մենք հույս ունենք շաբաթվա վերջին ստորագրել համաձայնագիր, որը կհարթի ճանապարհը 60-օրյա հրադադարի համար», - ասել է Վիտկոֆը։
Չնայած բանակցություններին, Գազայում հրետակոծությունները շարունակվել են անդադար, և վերջին 12 օրվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, ըստ Գազայի առողջապահության նախարարության։
Իսրայելական աղբյուրի խոսքով՝ մնացած չլուծված հարցը հրադադարի սկսվելուց հետո Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դուրսբերման քարտեզներն են։ Վերջին առաջարկները նախատեսում են, որ իսրայելական ուժերը դուրս գան հյուսիսային Գազայից հրադադարի առաջին օրը, իսկ հարավից՝ յոթերորդ օրը։ Այնուամենայնիվ, դուրսբերման մանրամասները դեռևս համաձայնեցվում են Իսրայելի և Համասի միջև, որտեղ կողմերը հակադիր դիրքորոշումներ են զբաղեցնում։
Իսրայելը պնդում է պահպանել անվտանգության վերահսկողությունը Գազայի նկատմամբ պատերազմի ավարտից հետո, մինչդեռ Համասը պահանջում է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերում և շրջափակման վերացում։ Բացի այդ, Իսրայելը ցանկանում է շարունակել վերահսկել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ֆիլադելֆիայի միջանցքը՝ գոտի զենքի հոսքը սահմանափակելու համար։
Նախորդ օրը Նեթանյահուն Սպիտակ տանը ճաշել է Թրամփի հետ, իսկ երեքշաբթի օրը հանդիպել է կոնգրեսականների հետ Կապիտոլիումի բլրի վրա։
«Մենք դեռ պետք է ավարտենք գործողությունը Գազայում, ազատենք մեր բոլոր պատանդներին, ոչնչացնենք Համասի ռազմական և վարչական ներուժը։ Գազան պետք է ունենա այլ ապագա՝ մեր և բոլորի համար։ Ոչ մի երկիր չի համաձայնի ավելի քիչի, և հատկապես՝ ոչ մենք», - ասել է Նեթանյահուն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ բանակցություններից հետո։
Իր հերթին, Համասը առաջ է քաշում երեք հիմնական պահանջ՝ ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, մարդասիրական օգնության փոխանցում ՄԱԿ-ին և Իսրայելի վերադարձ այն դիրքերին, որոնք նա ուներ այս տարվա մարտի 2-ին՝ հարձակման նոր փուլի մեկնարկից առաջ։
ՀԱՄԱՍԻ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ մայիսին խումբը հայտարարել է, որ պատրաստ է 24 ժամվա ընթացքում վերադարձնել բոլոր պատանդներին, բայց պահանջում է երաշխիքներ, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի զինադադարից հետո։ Համասը նախկինում նաև խնդրել էր ԱՄՆ-ին երաշխավորել մշտական հրադադարի շուրջ բանակցությունների շարունակությունը։
Անցյալ շաբաթ Համասը հայտարարել էր Կատարի նոր առաջարկին դրական արձագանքի մասին, չնայած պահանջել էր աննշան փոփոխություններ։ Իսրայելը փոփոխությունները անվանեց «անընդունելի», բայց միևնույն է, պատվիրակություն ուղարկեց Դոհա, ինչը փորձագետները համարեցին կարևոր քայլ հնարավոր համաձայնագրի հասնելու ուղղությամբ։
«Մենք կարծում ենք, որ մոտ ենք համաձայնագրի և հույս ունենք հատել վերջնագիծը», - երեքշաբթի օրը ասաց Նեթանյահուն։





























