Թայվանը մեկնարկում է իր ամենամեծ ամենամյա Հան Կուանգ ռազմական զորավարժությունները, ինչը վկայում է նախագահ Լայ Չինգ-տեի՝ կղզու պաշտպանությունն ամրապնդելու հանձնառության մասին, հաղորդում է Bloomberg-ը։
Զորավարժությունները կսկսվեն չորեքշաբթի և կտևեն 10 օր՝ սովորականից երկու անգամ ավելի երկար։ Իշխանությունները հայտնում են, որ զորավարժություններին կանչվել է ավելի քան 20,000 պահեստազորային, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Առաջին անգամ քաղաքացիական անձինք կներգրավվեն այսքան մեծ չափով. խոշոր սուպերմարկետների ցանցի նկուղները վերածվել են ապաստարանների, իսկ 23 միլիոն բնակչություն ունեցող կղզու տեղական իշխանությունները կփորձարկեն իրենց պատրաստականությունը՝ ճգնաժամի ընթացքում հիմնական ծառայություններ և պարագաներ մատուցելու համար։
«Այս տարվա Հան Կուանգ զորավարժությունների նպատակն է ամրապնդել Թայվանի երկարաժամկետ դիմադրության կարողությունը և կառուցել դիմադրողականություն ոչ միայն բանակում, այլև քաղաքացիական հասարակությունում, ինչը ընդգծել է նախագահ Լայ Ցինգ-տեն», - բացատրել է Չե Չունգը՝ Թայբեյի կառավարությանը կից Ազգային պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատողը։ Նրա խոսքով՝ այս տարվա զորավարժությունների սցենարները հնարավորինս մոտ են չինական հնարավոր հարձակման իրական պայմաններին։
Խաղադրույքներ HIMARS-ների և անօդաչու թռչող սարքերի վրա
Ինչպես նշում է Չե Չունգը, այս տարվա զորավարժություններում կներառվեն ավելի շատ ամերիկյան զենքեր, այդ թվում՝ HIMARS-ը՝ բազմափող հրթիռային համակարգ, որը Թայվանն առաջին անգամ փորձարկել է մայիսին։ Այս զենքը դարձել է Ուկրաինայի պաշտպանության խորհրդանիշներից մեկը ռուսական ներխուժման դեմ։ Զորավարժությունների կարևոր մասը նոր անօդաչու թռչող սարքերի փորձարկումն ու չինական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարն է։
«Զինվորականները ներկայումս մշակում են անօդաչու թռչող սարքերի օգտագործման մարտավարություն և չինական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մեթոդներ։ Այս զորավարժությունները հնարավորություն են փորձարկելու և կատարելագործելու նախագծերը», - բացատրեl 1 փորձագետը։
Ըստ ծրագրի՝ այս տարի ավելի շատ ուշադրություն կդարձվի քաղաքային մարտական գործողությունների վարժեցմանը, ինչը արտացոլում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը միայն ռազմածովային և օդային ուժերով կանգնեցնելու հնարավորության վերաբերյալ ավելի քիչ լավատեսական կանխատեսումը։




























