Հայկական դրամը ֆոնդային բորսայում շարունակում է թուլանալ ամերիկյան դոլարի եւ մյուս արժույթների նկատմամբ: Հունվարի 16-ը բացառություն չէր, թեեւ դրամի թուլացման տեմպը բարձր չէ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 389.47 դրամ` նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.09 %-ով կամ 0.36 կետով:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 8 մլն դոլար: Այս սեզոնին առեւտրի նման մեծ ծավալն այնքան էլ յուրահատուկ չէ, բացառված չէ, որ ԿԲ-ն միջամտել է փոխարժեքին: Նշենք, որ ըստ Կենտրոնական բանկի հրապարակման` անցյալ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն ֆոնդային բորսայում իրականացրել է 7.9 մլն դոլարի վաճառք:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը եւս բարձրացրել է: Կեսօրից հետո փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեք են սահմանել 388 դրամը, վաճառքը սկսում է 391 դրամից:
Նշենք նաեւ, որ Կենտրոնական բանկը շարունակում է փողի բազայի կրճատման քաղաքականությունը, որը վաղ թե ուշ կնպաստի դրամի ամրապնդմանը եւ փոխարժեքի կայունացմանը: Միայն հունվարի 13-ին փողի բազան կրճատվել է մոտ 10 մլրդ դրամով, եւ կազմել է 593 մլրդ դրամ: Կանխիկ դրամի ծավալները գտնվում են 388 մլրդ-ի սահմաններում` հունվարի 9-ից հետո կանխիկ դրամի քանակությունը նվազել է 17 մլրդ-ով:
Դրամի քանակական նվազումները կհանգեցնեն դրամի նկատմամբ պահանջարկի աճին, հետեւաբար` որոշակի ժամանակային լագից հետո հնարավոր է` անդրադառնան նաեւ փոխարժեքի վրա:



























