Լիտվան և Ֆինլանդիան նախատեսում են հաջորդ տարի սկսել հակահետևակային ականների սեփական արտադրությունը՝ իրենց զինված ուժերին դրանցով ապահովելու և մի մասը Ուկրաինային փոխանցելու համար: Այս մասին «Reuters»-ին հայտնել են Ռուսաստանին անմիջականորեն սահմանակից ՆԱՏՕ-ի երկու երկրների պաշտոնյաները։
Այս նպատակով Լիտվան և Ֆինլանդիան հայտարարել են 1997 թվականի Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու մասին, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը: Արտադրությունը կարող է սկսվել վեցամսյա դուրսբերման ընթացակարգի ավարտից հետո։
Ֆինլանդիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հեյկի Աուտտոն ասել է, որ Հելսինկին պետք է ունենա հակահետևակային ականների սեփական արտադրություն՝ ազգային անվտանգության համար։
«Ուկրաինային աջակցելը ոչ միայն ճիշտ է և մեր պարտականությունը, այլև կարևոր է Ֆինլանդիայի անվտանգության համար», - ընդգծել է Աուտտոն։
Ֆինլանդիան, որը Ռուսաստանին սահմանակից է ավելի քան 1300 կմ՝ Ռուսաստանի ամենաերկար ցամաքային սահմանն ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ։ Մինչև 2011 թվականին Օտտավայի պայմանագրին միանալը՝ Ֆինլանդիան պահեստում ունեցել է ավելի քան մեկ միլիոն հակահետևակային ական։
Լիտվայից և Ֆինլանդիայից բացի, Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու մտադրության մասին հայտարարել են ԵՄ և ՆԱՏՕ-ի ևս երեք երկրներ՝ Լեհաստանը, Լատվիան և Էստոնիան։ Բոլորն էլ հղում են անում Ռուսաստանից կողմից աճող սպառնալիքին և Ուկրաինայում պատերազմին։
Իր հերթին, Ուկրաինան նույնպես հայտարարել է պայմանագրից դուրս գալու մասին, քանի որ Ռուսաստանը երբեք դրա կողմ չի եղել և երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ականներ օգտագործելու մեջ։
Լեհաստանը, Լատվիան և Էստոնիան դեռևս չեն սկսել ականներ արտադրել, սակայն լեհ և լատվիացի պաշտոնյաները պնդում են, որ անհրաժեշտության դեպքում կարող են արագորեն ավելացնել արտադրությունը։ Օրինակ՝ Լեհաստանում պետական պաշտպանական PGZ S.A. կոնցեռնը Reuters-ին հայտնել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում միլիոնավոր հակահետևակային ականներ արտադրել։ Լեհական մասնավոր ZSP Niewiadów ընկերությունը նախատեսում է վերսկսել լայնածավալ արտադրությունը արդեն 2027 թվականին։
«Հարյուրավոր միլիոն եվրոներ»
Լիտվայի պաշտպանության փոխնախարար Կարոլիս Ալեքսան ընդգծել է, որ երկիրը պատրաստվում է հարյուրավոր միլիոնավոր եվրոներ ներդնել ոչ միայն հակատանկային, այլև հակահետևակային ականներ գնելու համար: Նրա խոսքով՝ Լիտվան կպատվիրի տասնյակ հազարավոր և ավելի ականներ, որոնցից մի քանիսը կարտադրվեն տեղական գործարաններում:
«Մեր արդյունաբերությունը կարող է արտադրել այս ականները: Երբ արտադրությունը հաստատվի, Լիտվան կկարողանա դրանք մատակարարել այլ երկրների, այդ թվում՝ Ուկրաինային», - ասել է Լիտվայի պաշտպանական արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Վինկաս Յուրգուտիսը:
Ինչ են ասում կասկածամիտները
Ականազերծման գործողությունների խմբերը քննադատել են այս քայլը՝ պնդելով, որ հակահետևակային ականները կարող են մահացու մնալ քաղաքացիական բնակչության համար հակամարտության ավարտից տասնամյակներ անց։ Այնուամենայնիվ, կոնվենցիայից դուրս եկող երկրների կառավարությունները հայտարարում են, որ ականները կպահեն պահեստներում և կօգտագործեն միայն սպառնալիքի դեպքում, իսկ ականապատ դաշտերը կնշվեն հետագա մաքրման համար։





























