Ադրբեջանը ասում է, որ իրենց համար Սյունիքով ճանապարհը շատ կարևոր է, որովհետեւ դա տալիս է նոր լծակ նոր ճնշման կետ է ստեղծում Հայաստանի վրա, և կարող է նաև հետագայում կտրի Հայաստանը ոչ միայն արևմուտք-արևելք այդ ճանապարհով, այլ նաև հյուսիս-հարավ ճանապարհը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Եթե խնդիրը  տնտեսական հարցերը լինեին, օրինակ, Նախիջևանը և մնացած տարածքները իրար կապելը, դա ամենալավ լուծումը չի, որովհետև կա այլ ճանապարհ, որով որ տնտեսական խնդիրներ լուծվում են, կա երկաթգիծ, որը հիմա էլ գործում է Վրաստանով։

Սյունիքի միջանցքը, բնականաբար, պետք է մտահոգի Իրանին, բայց Իրանը այն վիճակում չի, որ կարողանա կոշտ դիվանագիտական լեզվով խոսի այս պահին։ Դրա համար երևի փորձում են ավելի մեղմ ձևով հասցնեն իրենց տեսակետը, դրա համար էլ գնացել էր իրենց նախագահը հասել էր Ստեփանակերտ»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ է ԱՄՆ–ն ակտիվություն ցուցաբերում Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում, քաղաքագետը պատասխանեց. «Որովհետև հնարավորություն են տեսնում։ Սա այնքան կարևոր խնդիր չի եղել երբևիցե Թրամփի համար, բայց հիմա նա Նեթանյահուից ստացել է նամակը, որ իրեն առաջադրում է խաղաղության Նոբելյան մրցանակի, ու հիմա Թրամփը ուզում է ցույց տալ, որ տեսեք, այստեղ էլ ես կարողացա խաղաղություն հաստատել։

Բացի անձնական խնդիրներից կա երկարատև ռազմավարական խնդիր. Արևմուտքի համար շատ կարևոր է, որ Ռուսաստանին դուրս մղեն այս տարածքից, որ այդ տարածքով անցնող բոլոր կոմունիկացիաները իրենք վերահսկեն»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս քայլերով Ռուսաստանին տարածաշրջանից հետևողականորեն դուրս բերելու քայլեր են արվում, որովհետև նշվում է, որ հնարավոր ստորագրվող փաստաթղթում նաև պետք է լինի դրույթ, որ երրորդ երկրների ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանից, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց. «Իհարկե, այս պատմության վերջակետը դա պետք է լինի, ինչպես տեղի ունեցավ Վրաստանում, ինչպես տեղի ունեցավ Ադրբեջանում մի քիչ ավելի շուտ։

Այստեղ հարց է ծագելու, ի՞նչ է պատրաստ անել ռուսական կողմը, որպեսզի այդ բազան պահի։ Իմ կարծիքով՝ մեր իշխանությունները շատ լավ հասկանում են, ինչ տեղի կունենա, եթե իրենք գնան կտրուկ քայլերի։ Իրենք հիմա դեռ պետք է ինչ-որ այլընտրանքներ ապահովեն։ Եթե, օրինակ, գազի հարցում ռուսական կողմի հետ խզվում են հարաբերությունները, գազի գինը աճում է, արդյո՞ք Ալիևը պատրաստ կլինի գազ մատակարարել մատչելի գներով։

Բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է գրոհի. նույն ՀԷՑ–ը դեմ կատարվողի պատճառը  այն չէ, որ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Եկեղեցուն, նաեւ այն չէ, որ ասաց՝ ՀԷՑ–ը ոչ էֆեկտիվ է գործում։ Պատճառն այն է, որ պետք է ռուսական տնտեսական ազդեցությունը թուլացնել։ Դա շատ կարևոր ոլորտ է, որովհետև այդ ոլորտը նաև կապված է այն սուպեր կոմպյուտերի և արհեստական բանականության ֆաբրիկաների հետ, որոնց մասին խոսցում է։ Այդտեղ ամենակարևորը էլեկտրականություն է, ամերիկացիք կհամաձայնե՞ին աջակցել այդպիսի ծրագիր Հայաստանում, եթե էլեկտրական ցանցերը մնային ռուսական վերահսկողության տակ։ Երևի՝ ոչ»,–ասաց Արթուր Մարտիրոսյանը՝ նկատելով, որ թե եկեղեցու, թե Սամվել Կարապետյանի հետ կապված գործընթացները մի շղթայի մաս են»։