Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պաշտոնապես Ռուսաստանին պատասխանատվության է ենթարկել Ուկրաինայի հակամարտությանն առնչվող  մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների, ինչպես նաև 2014 թվականին Malaysia Airlines MH17 չվերթի ինքնաթիռի ուղևորների մահվան համար։ Հուլիսի 9-ին հայտարարված որոշումն առաջին անգամն էր, երբ Ստրասբուրգի դատարանն ուղղակիորեն մատնանշեց Մոսկվայի լայնածավալ մեղքը Դոնբասում տեղի ունեցած մարտերի և դրան հաջորդած լայնամասշտաբ պատերազմի ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դատարանը քննարկում էր Ուկրաինայի և Նիդեռլանդների ներկայացրած չորս համախմբված հայցերը։ Դրանք ներառում են ենթադրյալ չարաշահումների լայն շրջանակ, այդ թվում՝ խոշտանգումներ, հարկադիր աշխատանք, առևանգումներ և երեխաների անօրինական արտաքսում Ռուսաստան, ինչպես նաև Malaysia Airlines-ի ինքնաթիռի կործանման հանգամանքներն ու հետևանքները, որի հետևանքով 298 մարդ էր զոհվել։

Ուկրաինական «Բաբել» պարբերականի տվյալներով՝ գործն ընդգրկում է 2014 թվականից՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության սկզբից, մինչև 2022 թվականի փետրվարի 24-ին լայնածավալ ներխուժումից հետո տեղի ունեցած իրադարձությունները։

Չնայած Ռուսաստանն այլևս չի կատարում ՄԻԵԴ որոշումները և դուրս է եկել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրավասությունից, որոշումը կարևոր խորհրդանշական նշանակություն ունի, հատկապես զոհերի ընտանիքների համար։

«Սա կարևոր քայլ է իրական պատասխանատվության հաստատման ուղղությամբ, - Associated Press-ին հայտնել է Թոմաս Շանսմանը, որը ավիավթարի հետևանքով կորցրել է իր 18-ամյա որդուն՝ Քուինին: Նա միաժամանակ  անձնական հայց է ներկայացրել և չի հրաժարվում պայքարից՝ չնայած ողբերգությունից տարիներ են անցել։ «MH17-ը այն պատմությունը չէ, որը կարելի է մոռանալ»,- ընդգծել է նա։

Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող 777 չվերթի ինքնաթիռը խոցվել է 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Դոնբասի շրջանի ռուսների վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված «Бук» հրթիռով։ Մահացածների թվում Նիդեռլանդների 196 քաղաքացիներ կային։