Կարմիր ծովում «Անսար Ալլահ» (հութի) շարժման ապստամբների հարձակումից հետո խորտակված հունական Eternity C բեռնանավի անձնակազմը գերի է վերցվել։ Գերեվարման մասին ասված է Եմենում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Ըստ Reuters-ի հաղորդագրության՝ Eternity C բեռնանավը խորտակվել է հութիների հարձակման հետևանքով։ Հրետանային ռմբակոծության հետևանքով անձնակազմի անդամներից մեկը, որը Ռուսաստանի քաղաքացի է, վերջույթի վնասվածք է ստացել։
«Հութիները գերի են վերցրել բազմաթիվ փրկվածների՝ մի քանի նավաստիների սպանելուց, նավը խորտակելուց և փրկարարական գործողություններին խոչընդոտելուց հետո։ Պահանջում ենք նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Հութիների գործողությունները ցույց են տալիս՝ ինչու է Միացյալ Նահանգները նրանց ահաբեկչական կազմակերպություն դասակարգել», - ասված է ԱՄՆ դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Նավի անձնակազմի անդամներից 21 ֆիլիպինցի էին, մեկը՝ ռուսաստանցի։ Reuters-ի տվյալներով՝ Eternity C-ում եղել է 25 մարդ, նրանց թվում՝ զինված պահակախումբ։ Չորեքշաբթի երեկոյան դրությամբ հայտնի էր չորս մարդու մահվան մասին։ Եվրոպական Aspides ծովային առաքելությունը փրկել է վեց նավաստիների, մնացածը անհայտ կորած են համարվում։
Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին: Թագավորական նավատորմի ծովային առևտրի համակարգման կենտրոնի տվյալներով՝ նավի կորպուսի վրա արձակվել է հինգ հրթիռային նռնակ: Նավը լուրջ վնասվել էր, խափանվել էր շարժիչը և խորտակվել չորեքշաբթի առավոտյան՝ Եմենի Հոդեյդա նավահանգստից 51 ծովային մղոն դեպի արևմուտք։





























