ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով։
Նրա խոսքով՝ դաշինքը կվճարի մատակարարումների համար ամբողջությամբ։ «Մենք զենք ենք ուղարկում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն վճարում է այդ զենքի 100 տոկոսը։ Զենքը գնում է ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն այն տալիս է Ուկրաինային», - NBC News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է Ռուսաստանի վերաբերյալ «կարևոր հայտարարության» մասին, որը մտադիր է անել երկուշաբթի օրը՝ հրաժարվելով մանրամասներ բացահայտելուց։
Ռոյթերսի աղբյուրները հայտնում են, որ Սպիտակ տուն վերադառնալուց հետո առաջին անգամ Թրամփը պլանավորում է օգտագործել իր նախագահական լիազորությունները՝ Ուկրաինային զենք հատկացնելու համար անմիջապես ամերիկյան պաշարներից՝ նախագահական կրճատման լիազորությունների մեխանիզմի շրջանակներում։
Զենքի սկզբնական արժեքը, ենթադրաբար, կկազմի մոտ 300 միլիոն դոլար։ Փաթեթը կարող է ներառել Patriot պաշտպանական համակարգեր և միջին հեռահարության հրթիռներ, սակայն վերջնական ցանկը դեռևս համաձայնեցված չէ։
Միևնույն ժամանակ, Թրամփն ինքը նախկինում բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության ծախսերը և կոշտ հայտարարություններ արել Կիևի մասին, սակայն վերջին օրերին նա դժգոհություն է հայտնել պատերազմի ավարտի հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ և կրկին աջակցել է Ուկրաինային։
Նախորդ օրը Հռոմում տեղի է ունեցել Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողով։ Մասնակիցները խոստացել են Կիևին հատկացնել ավելի քան 10 միլիարդ եվրո։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին ավելի ակտիվորեն օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ երկիրը վերականգնելու և ռազմական օգնությունը մեծացնելու համար։





























