Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հինգշաբթի հայտարարել է, որ պատասխան 50%-անոց սակագներ կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար, եթե նախագահ Դոնալդ Թրամփը կատարի բրազիլական արտադրանքի վրա ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու իր խոստումը, հաղորդում է AP-ն։

Լարվածության նոր փուլն ուղղակիորեն կապված է Թրամփի դաշնակից, նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ հարուցված քրեական գործի հետ։

«Եթե բանակցություններ չլինեն, կգործի փոխադարձության մասին օրենքը։ Եթե նրանք մեզանից 50 տոկոս վերցնեն, մենք էլ նրանցից նույնքան  կվերցնենք», – ընդգծել է Լուլան TV Record հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Հարգանքը կարևոր է։ Ես այն առաջարկում եմ և ցանկանում եմ ստանալ փոխարենը»։

Թրամփի նամակը և տուրքերի սպառնալիքը

Սկանդալը բորբոքվել է այն բանից հետո, երբ Թրամփը Բրազիլիային պաշտոնական նամակ է հղել (և հրապարակել այն սոցցանցերում)՝ մեղադրելով բրազիլական արդարադատությանը Բոլսոնարուի դեմ «վհուկների որսի» մեջ և զգուշացնելով օգոստոսի 1-ից սակագների բարձրացման մասին։ Ըստ լրատվամիջոցների՝ սակագների մեղմացման շուրջ բանակցությունները, որոնք ընթանում էին ապրիլից, այժմ «օդից են կախված»։

Թրամփը նոր տուրքերի սահմանումը բացատրել է «առևտրային հաշվեկշռի ճգնաժամով», սակայն ԱՄՆ-ն Բրազիլիայի հետ առևտրում ունի հավելուրդ (պրոֆիցիտ), և այս փաստը խաթարում է որոշման տնտեսական տրամաբանությունը։ Վերլուծաբանները նշում են, որ Թրամփը փաստացիորեն սակագներն օգտագործում է մեկ այլ պետության ներքին քաղաքականության վրա ճնշում գործադրելու համար՝ հնարք, որը նա արդեն կիրառել է Չինաստանի հետ հարաբերություններում։

Պատասխան միջոցների ռիսկը և հազվադեպ միասնությունը

Լուլան խոստացել է գործի դնել Բրազիլիայի Կոնգրեսի կողմից վերջերս ընդունված փոխադարձ միջոցների մասին օրենքը։ Խորհրդարանի երկու պալատների ղեկավարներն ընդգծել են, որ երկիրը «պատրաստ է գործել զուսպ, բայց վճռական»՝ տնտեսությունն ու աշխատատեղերը պաշտպանելու համար։

Հազվագյուտ քաղաքական միասնություն է նկատվում նաև հասարակության մեջ. նույնիսկ Լուլայի նկատմամբ քննադատաբար տրամադրված լրատվամիջոցները, ինչպիսին է «O Estado de S. Paulo»-ն, Թրամփի քայլը «մաֆիոզ» են անվանել և Լուլայի արձագանքը ճիշտ համարել։ Սան Պաուլուի փողոցներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ վանդակի մեջ Թրամփի և Բոլսոնարուի տիկնիկներով։ Որոշ ցուցարարներ այրել են ամերիկյան նախագահի խրտվիլակը։

Տնտեսություն, ընտրություններ և Բոլսոնարուի գործոնը

Թրամփն ուղղակիորեն կապել է տուրքերը Բոլսոնարուի դատավարության ելքի հետ, որը մեղադրվում է ընտրություններում պարտվելուց հետո հեղաշրջման փորձի մեջ։ Լուլան ընդգծել է. «Գործը Գերագույն դատարանի ձեռքում է։ Այն քաղաքական չէ, այնտեղ ապացույցներ են քննվում»։

Քաղաքագետները կարծում են, որ Թրամփի միջամտության փորձը կարող է հակառակ ազդեցություն ունենալ. Լուլային առիթ տալ ընտրությունների նախաշեմին համախմբելու էլիտաներին ու բնակչությանը և Բոլսոնարուին ընտրողների աչքում ներկայացնել որպես տնտեսության համար սպառնալիք։

«Թրամփը Լուլային կրկին խաղի մեջ մտցրեց», – ասել է քաղաքական խորհրդատու Թոմաս Տրաումանը։ «Այժմ Լուլան պատմություն ունի այն մասին, թե ով է մեղավոր, եթե տնտեսությունը տուժի»։