Մադագասկարում առաջին անգամ վճիռ է կայացվել վիրահատական ամորձատման (կաստրացիա) մասին՝ տղամարդուն մեղավոր ճանաչելով անչափահաս աղջկա բռնաբարության համար։ Այս մասին հայտնել է վերաքննիչ դատարանի դատախազ Դիդիե Ռազաֆինդրալմբոն։

Դեպքը վերաբերում է վեցամյա աղջկա բռնաբարությանը և սպանության փորձին, որը տեղի է ունեցել 2024 թվականին Իմերինցիատոսիկա համայնքում՝ մայրաքաղաք Անտանանարիվուից մոտ 30 կմ արևմուտք, հայտնում է Reuters-ը։

«Ամբաստանյալը դատարանի կողմից դատապարտվել է ցմահ տաժանակիր աշխատանքի, ինչպես նաև վիրահատական ամորձատման», - հայտարարել է Ռազաֆինդրալմբոն Մադագասկարի արդարադատության նախարարության տարածած տեսաուղերձում։[1]

Նման պատիժը հնարավոր է դարձել 2024 թվականի փետրվարին ընդունված նոր օրենքից հետո, որը խստացրել է մինչև 10 տարեկան անչափահասների բռնաբարության համար նախատեսված միջոցները։ Իշխանությունները նշել են, որ երկրում նման հանցագործությունների թիվը շարունակում է բարձր մնալ։ 

«Այսօրվա որոշումը դատական համակարգի ուժեղ և խորհրդանշական պատասխան է, որը կոչված է նախազգուշացում դառնալ բոլոր նրանց համար, ովքեր կարող են նման հանցագործություններ ծրագրել», - հավելել է Ռազաֆինդրալմբոն։

Համեմատության համար.

  • Վիրահատական ամորձատումը որպես պատժամիջոց, դատապարտյալների համաձայնությամբ, կիրառվել է եվրոպական որոշ երկրներում, այդ թվում՝ Չեխիայում և Գերմանիայում։

  • ԱՄՆ-ում Լուիզիանա նահանգը անցյալ տարի դարձավ առաջինը, որտեղ նման միջոցը պարտադիր է երեխաների դեմ կատարված որոշակի հանցագործությունների համար։ 

  • Քիմիական ամորձատումը՝ դարձելի գործընթաց, որը նախատեսում է հատուկ դեղամիջոցների պարբերական ներարկում, օգտագործվում է ԱՄՆ մի շարք նահանգներում, ինչպես նաև Լեհաստանում և Հարավային Կորեայում։ Մեծ Բրիտանիան նույնպես դիտարկում է դրա պարտադիր կիրառման հնարավորությունը։