Առնվազն 23 մարդ, այդ թվում՝ չորս երեխա է զոհվել Մյանմարի Սիկայն շրջանի Լինտալու գյուղի վանքին հասցված հարվածի հետևանքով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել են ականատեսները, հաղորդում է Reuters-ը։
Ինչպես պատմել է Սիկայն շրջանի ժողովրդական վարչակազմի ղեկավար Հլայնգ Բվան, հարվածը հասցվել է վաղ առավոտյան։ Ըստ նրա, հարձակումն իրականացրել են Պետական վարչական խորհրդի՝ Մյանմարի իշխող ռազմական խունտայի ռազմաօդային ուժերը։
Լինտալուի վանքը ծառայել է որպես ապաստան մոտ 200 մարդու համար, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները բանակի և ժողովրդավարամետ ուժերի միջև ընթացող մարտերի պատճառով, հավելել է Հլայնգ Բվան։
Ըստ տեղի բնակիչ Ֆո Կաինեի, որն ապրում է վանքի մոտակայքում, բացի 23 զոհից, շատերը ծանր վիրավորումներ են ստացել։
«Մենք տարհանում ենք տուժածներին, որոնք շտապ բժշկական օգնության կարիք ունեն՝ շարունակվող փրկարարական գործողության շրջանակում», - հայտնել է նա։