Շիրակի մարզի Շիրակ գյուղում նախընտրական քարոզչությունն սկսված է, գյուղը պատրաստվում է համայնքի ղեկավարի ընտրության: NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը Շիրակ գյուղում փորձել է ճշտել, թե ինչպիսին են նախընտրական տրամադրությունները եւ ինչ են խոստանում համագյուղացիներին համայնքի ղեկավարի թեկնածուները:

Շիրակ գյուղի գործող գյուղապետ Խորեն Հարությունյանը արդեն 5-րդ անգամ է առաջադրվում  ու ամեն անգամ նախընտրական ծրագրի առաջին կետով խոստանում է գյուղում անօթեւանության խնդրի լուծում, երկրորդով՝ գազաֆիկացում իրականացնել գյուղում:

«Գյուղում շուրջ 60 ընտանիք անօթեւան է, գյուղը ամենամոտն է Գյումրիին, բայց նաեւ գազաֆիկացված չէ: Մենք դիմել ենք կառավարություն, բայց խոստացել են, որ սահմանային-հեռավոր գյուղերը գազաֆիկացնելուց հետո կանցնեն մյուս գյուղերին»,-ասել է գործող գյուղապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Խորեն Հարությունյանը:Նրա խոսքերով՝անօթեւանության խնդիրը եւս ամենայն հավանականությամբ, այս տարի կլուծվի.«Գյումրին վերջացրել են, Ախուրյանը եւս, իմ կարծիքով այս տարի կանցնեն արդեն գյուղերին: Բոլոր գյուղերից ամենամեծ թվով անօթեւանները Շիրակ համայնքն ունի»,-ընդգծել է Հարությունյանը:

Նշենք նաեւ, որ գործող գյուղապետը եւս արդեն 23 տարի բնակվում է տնակում, անօթեւանի կարգավիճակ ունի նաեւ իր ընտանիքը: Շիրակ գյուղի գյուղապետարանը եւս տեղակայված է տնակում: