Հիվանդությունները սկսել են կենդանիներից մարդկանց փոխանցվել առնվազն 6500 տարի առաջ, պարզել են գիտնականները հին ԴՆԹ-ի նոր ուսումնասիրության ընթացքում։

Վերլուծելով Եվրոպայից և Ասիայից 1313 նախապատմական մարդկանց հին ԴՆԹ-ն՝ հետազոտողները կազմել են մարդու վարակիչ հիվանդությունների քարտեզ և ժամանակացույց, որն ընդգրկում է 37 000 տարի։

Այս երկարատև պատմության մեջ նրանք հայտնաբերել են զոոնոզների՝ հիվանդությունների, որոնց դեպքում կենդանիների պաթոգենները փոխանցվում են մարդուն, ամենավաղ հայտնի ապացույցները, որոնք թվագրվում են 6500 տարի առաջ։

Գիտնականները նկարագրել են իրենց եզրակացությունները հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում՝ նշելով, որ զոոնոզ հիվանդությունների դեպքեր, հավանաբար, տեղի են ունեցել նաև մինչև այդ։

Սակայն, ըստ նրանց, նման հիվանդությունների փոխանցման ռիսկն ու մասշտաբները, հավանաբար, մեծացել են, քանի որ մարդն ավելի հաճախ է շփվել կենդանիների հետ, մասնավորապես՝ երկրագործության և անասնապահության գործընթացում։

Միգրացիան, հավանաբար, նույնպես իր դերն է խաղացել, քանի որ առանձին մարդիկ կարող էին զոոնոզ հիվանդությունները տեղափոխել նոր պոպուլյացիաներ, որոնք դեռևս ենթարկված չէին դրանց։

«Այսօր զոոնոզներին բաժին է ընկնում նոր առաջացող վարակիչ հիվանդությունների ավելի քան 60%-ը»,- գրում են գիտնականները։

Հետազոտողները մոտ 5000 տարվա հնության նմուշներում հայտնաբերել են զոոնոզների ապացույցների գագաթնակետ։

Ըստ նրանց՝ դա համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ անասունների ընտելացումն ավելի տարածված է դարձել։ (Որոշ տվյալներով, կենդանիների ընտելացումը սկսվել է մոտ 8-10 հազար տարի առաջ, իսկ հետո, հավանաբար, ժամանակ է պահանջվել՝ տարբեր աշխարհագրական տարածաշրջաններում տարածվելու համար)։