Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի պետ Նամիգ Մուսաևը ձերբակալվել է ապօրինի միգրացիայի ուղի կազմակերպելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում, հայտնում է РБК-ն։
Բաժնի պետի ձերբակալությունը հաստատել է Ռուսաստանի ՆԳՆ տրանսպորտի վարչությունը։
Հաղորդվում է, որ մի խումբ քաղաքացիների հակաիրավական գործողությունները բացահայտվել են տրանսպորտային ոստիկանության սեփական անվտանգության օպերատիվ աշխատակիցների կողմից՝ Նիժնի Նովգորոդի մարզի Ռուսաստանի ԱԴԾ վարչության գործընկերների հետ համատեղ։
«Նախնական տվյալներով, Նիժնի Նովգորոդի մարզի մի բնակիչ բազմիցս գործողություններ է ձեռնարկել՝ ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտած օտարերկրյա քաղաքացիներին վարչական պատասխանատվության չենթարկելու համար։ Դրա համար նա պայմանավորվածություն է ձեռք բերել Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ոստիկանության բաժնի գործող աշխատակիցների հետ, ինչպես նաև հակաիրավական գործողություններում ներգրավել է այլ հանցակիցների», — հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Եթե մեղադրանքները հաստատվեն, գործով անցնող անձինք կհեռացվեն ներքին գործերի մարմիններից։