Ֆրանսիացի պանիր և գինի արտադրողները նախազգուշացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ-ից ներմուծվող ապրանքների վրա սահմանված 30-տոկոսանոց մաքսատուրքերի կործանարար ազդեցության մասին։ 30-տոկոսանոց մաքսատուրքը «աղետալի» կլիներ Ֆրանսիայի սննդի արդյունաբերության համար, ասել է ANIA պարենային լոբբիստական խմբի նախագահ Ժան-Ֆրանսուա Լուազոն։

Իր հերթին, FNIL կաթնամթերքի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ֆրանսուա Քսավյե Յուարը հայտարարել է, որ դա իսկական ցնցում է կաթ և պանիր արտադրողների համար։

«Սա նոր միջավայր է, որին պետք է սովորենք. ես չեմ կարծում, որ սա ժամանակավոր է», - կիրակի օրը Reuters-ին ասել է Յուարը՝ նկատի ունենալով կանոնների փոփոխությունն ու առևտրային լարվածության սրումը։

Նա նշել է, որ ոլորտը, հնարավոր է, ստիպված լինի վերանայել իր ռազմավարությունն այն շուկաների նկատմամբ, որտեղ աշխատում է։

Ֆրանսիայի կաթնամթերքի ոլորտն իր արտադրանքի գրեթե կեսն արտահանում է, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ, որը հիմնականում ներմուծում է պանիրներ, ինչպիսին է Բրին, ինչպես նաև թարմ մթերքներ, օրինակ՝ յոգուրտ և կարագ։

Սակագները կարող են հանգեցնել հարյուրավոր միլիոն եվրոյի տարեկան վաճառքի կորստի, ասել է Յուարը՝ նշելով, որ ոլորտը տարեկան 350 միլիոն եվրոյի (409 միլիոն դոլար) կաթնամթերք է վաճառում ԱՄՆ-ում։ Ֆրանսիացի սննդամթերքի արտահանողները մտահոգված են, որ ներմուծման լրացուցիչ հարկերը կարող են հանգեցնել իրենց արտադրանքի գների բարձրացման, որոնք անհասանելի կդառնան գնաճից տուժած Միացյալ Նահանգների գնորդների համար։