Չինական պետական նավաշինական կորպորացիան Շանհայում ստեղծել է օվկիանոսի հետազոտության համար նախատեսված առաջին խելացի նավը։ Ինչպես հայտնել է China Daily պարբերականը, այն ստացել է «Թունցզի» անվանումը՝ ի պատիվ համանուն շանհայական համալսարանի։
«Սա 2000 տոննա ջրատարողությամբ էկոլոգիապես մաքուր, անաղմուկ և ինտելեկտուալ հետազոտական նավերի նոր սերունդ է, որոնք ինքնուրույն կերպով նախագծվել և կառուցվել են տեղական ընկերությունների կողմից», - հրատարակությունը մեջբերում է գլխավոր կոնստրուկտոր Լի Չժենհուայի խոսքերը։
Էլեկտրական ռեակտիվ շարժիչով նավը կարող է հեռակա կարգով կառավարվել ափից։ Այն հագեցած է բաց ջրերում ավտոնոմ նավիգացիայով և էներգաարդյունավետության խելացի կառավարման համակարգով։ «Թունցզին» կարող է նավարկել գրեթե ցանկացած օվկիանոսային շրջանում՝ բացառությամբ սառցե գոտիների։
Նավի երկարությունը կազմում է 81,5 մ, լայնությունը՝ 15 մ, իսկ բարձրությունը՝ 6,9 մ։ Այն կարող է տեղավորել 45 մարդ, ներառյալ 30 գիտնական և զարգացնել մինչև 15 հանգույց (27 կմ/ժ) արագություն։ Էլեկտրական նավի նավարկության հեռավորությունը կազմում է 80 հազար ծովային մղոն, այն ինքնավար ռեժիմով կարող է աշխատել մինչև 35 օր։





























