Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բաժինների պետերից պահանջել է ներկայացնել նախորդ տարվա իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում է Վանաձորի մեր թղթակիցը: Հանձանարարվել է խիստ ուշադրութուն դարձնել փողոցների մաքրությանը, մաքրել քամու հետեւանքով ծառերից թափված տերեւների ու ճյուղերի մնացուկները, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել աղբարկղերի շրջակայքի մաքրությանը:
Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանին հանձնարարվել է աղի նոր պաշարներ կուտակել, այդ կերպ փորձելով քաղաքը հեռու պահել հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարներից: Բաժնի պետն էլ իր հերթին տեղեկացրել է, որ անցած շաբաթ քաղաքում վնասազերծվել է 38 թափառող կենդանի, նորերով փոխարինվել է շարքից դուրս եկած գիշերային 60 լամպ, եւս 30-ի փոխարինումն ընթացքի մեջ է:
Քաղաքապետը կարեւորել է «Լաչինի միջանցք» կոչվող տարածքում առեւտրի անցկացման հետ կապված խնդիրների լուծումը եւ պահանջել հնարավորինս արագ զբաղվել այդ հարցով:
Նշենք, որ քաղաքի բյուջեի հավաքագրումը տարեսկզբից կազմում է 14,5 մլն դրամ. անցյալ տարի ամբողջ հունվարի հավաքագրումը եղել է 46,4 մլն:




























