Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունն այսօր` հունվարի 17-ին, կազմակերպել էր ընդունելություն Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների պատվին:

Միջոցառմանը ներկա էին Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների եւ խորհրդականների պալատների պատգամավորներ՝ նախկին արտգործնախարար, ներկայումս Ճապոնիայի իշխող ժողովրդավարական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տակեակի Մացումոտոյի գլխավորությամբ, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում Ճապոնիայի ներկայացուցիչ Տոյոհիսա Կոզուկին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ի թիվս հայ-ճապոնական հարաբերությունների խորացման եւ բազմազանեցման նպատակով երկու երկրների գործադիր եւ օրենսդիր իշխանության մարմինների հետագա քայլերի, քննարկվել է նաեւ Ճապոնիայի խորհրդարանում Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի կազմի հաստատման, նոր անդամներով համալրման հարցը: Կողմերը շեշտել են, որ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համադրել բոլոր քաղաքական ուժերի ջանքերը:

Տակեակի Մացումոտոն նշել է, որ ամեն ջանք կգործադրի Ճապոնիայի օրենսդիր մարմնում Հայաստանի, հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված ծրագրերն առաջ տանելու համար: