Ռուսաստանում մեկնարկել է մանկավարժների համար նախատեսված նոր կրթական դասընթաց, որի ընթացքում ուղղափառ քահանաները սովորեցնում են, թե ինչպես բացատրել երեխաներին «ավանդական արժեքները», «ճիշտ» գենդերային դերերը և եկեղեցու կողմից հաստատված բարոյականության սահմաններից դուրս եկող ամեն ինչի վտանգը։ Ի թիվս այլոց, Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները պատմում են, որ սեռական ոտնձգությունների մեջ որպես կանոն մեղավոր է հենց կինը՝ քանի որ «սխալ» է հագնվել։ Աղջիկներին հոգևոր դաստիարակները խորհուրդ են տալիս ոչ միայն պահպանել կուսությունը, այլև խուսափել ծնկից բարձր կիսաշրջազգեստներից՝ «կովկասցի տղաներին» չշփոթեցնելու համար։

Ինչպես պարզել է Վյորստկա կայքը՝ «Կյանքի դասեր. ամուր ընտանիքի հոգևոր և բարոյական հիմքեր» անունով դասընթացն անցկացնում են Ռուս ուղղափառ եկեղեցու Սանկտ Պետերբուրգի թեմի աշխատակիցները՝ մանկավարժ-հոգեբան Լյուդմիլա Սուշկևիչը և քահանա Ալեքսեյ Չերնիկովը։ Դասընթացին ողջ երկրի արդեն մասնակցել է 800 մանկավարժ։

Դասընթացի կենտրոնական կետերից մեկը աղջիկների հագուկապի թեման է։ Սեմինարների ժամանակ ցուցադրվում են «համեստ» և «անհամեստ» հագնված աղջիկների լուսանկարներ։ Վերջիններս, ըստ Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների «գայթակղիչ» են, այսինքն՝ իրենք են հրահրում բռնություն։ «Ոչ բանավոր կերպով նա ցույց է տալիս, որ դեմ չէ թեթև հարաբերությունների»,- պարզաբանում է Չերնիկովը։ Հատուկ ուշադրություն է դարձվում այն փաստին, որ «բաց զգեստները» զարմանք են առաջացնում Կովկասից եկած տղամարդկանց մոտ, քանի որ, ինչպես ասում է քահանան՝ «նրանց մոտ աղջիկներն ավելի պահպանողական են հագնվում» և այդ պատճառով «նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում»։ Աղջիկներին նաև առաջարկվում է «սովորել զիջել, համբերել և ընդառաջ գնալ»։

Որպեսզի դեռահասները չհետաձգեն ամուսնությունըё Չեռնիկովն առաջարկում է երեխաներին ներշնչել, թե ամուսնությունից առաջ համատեղ կյանքը «անբարոյականություն» է, իսկ անվտանգ սեքս գոյություն չունի։ Նրա խոսքով՝ հակաբեղմնավորիչները չեն պաշտպանում ՄԻԱՎ-ից, իսկ պահպանակները «միայն 70 տոկոսով» են արդյունավետ։ Քահանան նաև սեռական հարաբերություն ունեցած մարդկանց համեմատում է բազմիցս օգտագործված կպչուն ժապավենի (սկոչի) հետ։ «Այդ ժապավենը տասներորդ անգամ լավ կկպնի՞», – հարց է բարձրացնում նա իր դասախոսությունների ժամանակ։

Տղաների համար նախատեսված է ծրագիր, որն ընդգծում է «պարտքի» և «զոհաբերության» գաղափարները։ Դեռահասներին պատմում են, որ տղամարդը նախ պետք է ծառայի Աստծուն, հետո՝ հայրենիքին, ապա՝ ընտանիքին և միայն վերջում՝ իրեն։ Երիտասարդներին տրամադրվում են քննարկման համար ստեղծված տեքստեր, որոնցում ասվում է, որ «ռուսը» ստեղծված է «մեծագործությունների» համար և չպետք է աշխատի հանուն գումարի։ Ներկայացվում են նաև «հերոսության» օրինակներ, ինչպիսին է մարտի ժամանակ նռնակը սեփական մարմնով ծածկելը։ «Տղամարդու կյանքը պետք է լինի զոհաբերական», — նշվում է փաստաթղթերից մեկում։