Հայաստանում վերջին 2 տարիների ընթացքում նվազել է պահանջարկը էլիտար բնակարանների նկատմամբ: Այդ մասին այսօր` հունվարի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Այն անշարժ գույքի մեջ, որոնք կիսավարտ են մնացել, կամ կառուցվել եւ եւ չեն հարդարվել, բավականին մեծ կապիտալ է մնացել սառեցված, իմ հաշվարկով` մոտ 2 մլրդ դոլար: Դա զգալի թիվ է, քանի որ դուրս է եկել տնտեսությունից եւ ներդրվել է անշարժ գույքի մեջ, ու հետ չի վերադառնում, ճգնաժամը խզեց այդ շղթան»,- ասաց Գ. Մակարյանը:

Նրա կարծիքով` այդ գույքն աստիճանաբար կորցնում է իր արժեքը, բարոյապես ու ֆիզիկապես մաշվում է: «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այն փաստը, որ անշարժ գույքի պահանջարկի կառուցվածքում տեղի է ունեցել էական փոփոխություն` էլիտար շենքերի փոխարեն ներկայում պահանջարկ են վայելում հիմնականում  առավել մատչելի բնակարանները: