Հայաստանի ԱԳՆ-ն կապ է հաստատել Հարավային Սուդանում գտնվող Հայաստանի քաղաքացու հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Վերջինիս խոսքով, Հայաստանի քաղաքացին ազատության եւ անվտանգության մեջ է, եւ որեւէ խնդիր այդ երկրի իշխանությունները նրա հետ չունեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱԳՆ-ն պարզել էր Հարավային Սուդանում ձերբակալված քաղաքացու ինքնությունը, սակայն նրա անունը չի հաղորդվում էթիկական նկատառումներից ելնելով:
Նշենք, որ Հարավային Սուդանում ձերբակալվել է Սուդանի Park Air ընկերության Ան-32 օդանավի անձնակազմը, որի անդամներից մեկը Հայաստանի քաղաքացի է: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` օդանավը կատարում էր Հարթում-Սարջաս-Էլ Ֆելուջա-Էլ Օբեյդ - Հարթում թռիչքը: Օդանավի անձնակազմի անդամներից են նաեւ Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ռուսաստանի եւ Սուդանի քաղաքացիներ: Նրանք բոլորն էլ ձերբակալվել են տեղի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից եւ ուղարկվել օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական ճամբար, որտեղ էլ ներկայումս գտնվում են անձնակազմի անդամները: Ձերբակալման պատճառների պաշտոնական բացատրություն չի տրվել:




























