The Daily Telegraph թերթը գրում է, որ ուսուցիչները բացատրել են այս որոշումը նրանով, որ «թույլատրվում է մեծարել միայն այլ մշակույթները»։
The Daily Telegraph թերթը երեքշաբթի օրը հայտնել է միջադեպի մասին, որը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Ուորիքշիր կոմսության Ռագբի քաղաքի դպրոցներից մեկում։ Բրիտանացի դպրոցականին թույլ չեն տվել մասնակցել մշակութային բազմազանության դասին, քանի որ նա դասարան է մտել մի զգեստով, որի վրա պատկերված է եղել Մեծ Բրիտանիայի դրոշը։
The Daily Telegraph-ի հոդվածում նշվում է, որ 12-ամյա գերազանցիկ Քորթնի Ռայթը Մշակութային բազմազանության օրվան մասնակցելու համար ընտրել էր բրիտանական Spice Girls փոփ խմբի անդամ Ջերի Հոլիվելի կերպարը՝ կարճ, փայլուն զգեստ՝ «Յունիոն Ջեքի» պատկերով։ Սակայն ուսուցիչները թույլ չեն տվել աղջկան մտնել դասարան, որտեղ նա պատրաստվում էր պատմել, թե որքան կարևոր է իր համար բրիտանացի լինելը և այս համատեքստում նշել թեյախմության ավանդույթները, տապակած ձկով և կարտոֆիլով ավանդական ուտեստի օգտագործումը (ֆիշ էնդ չիպս), քաղաքավարությունը և ազնվությունը։ Ինչպես պարզաբանել է Ռայթը, դասախոսները իրենց որոշումը բացատրել են նրանով, որ «թույլատրվում է մեծարել միայն այլ մշակույթները», իսկ նրա զգեստը անթույլատրելի է։ Ռայթի ելույթը նույնիսկ չեն ցանկացել լսել։
«Իմ ելույթը վերաբերում էր բազմազանությանը և Բրիտանիայում գոյություն ունեցող բոլոր ավանդույթներին՝ մեր քաղաքավարությանը, հումորի զգացմանը, թե ինչպես ենք մենք թեյ խմում, հաճախ խոսում եղանակի մասին, ինչպես նաև սիրում ռեգբի և ֆուտբոլ»,- հայտնել է աղջիկը՝ խոստովանելով, որ «մեծ ամոթանք» է զգացել։ Ի վերջո, Ռայթը ստիպված է եղել սպասել դպրոցի նախասրահում, մինչև հայրը վերցներ նրան։
Ավելի ուշ դպրոցը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ «խորապես ցավում է» միջադեպի կապակցությամբ։ Այս դեպքի մասին հարց է տրվել նաև վարչապետ Քիր Սթարմերի ներկայացուցչին, ով պաշտպանել է աշակերտուհուն՝ նշելով, որ իր երկրով հպարտանալու մեջ ամոթալի ոչինչ չկա։



























