Հունվարի 17-ի առավոտը Հունաստանի համար սկսվեց տարբեր բնագավառների եւ ոլորտների ներկայացուցիչների զանգվածային գործադուլով: Այն ուղղված է կառավարության քաղաքականության դեմ:

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ գործադուլներին մասնակցում են տրանսպորտի ոլորտի, բանկերի, հիվանդանոցների եւ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներ:

Այսպես, Աթենքի մետրոն 24-ժամյա գործադուլ է հայտարարել, իսկ ավտոբուսները եւ տրամվայները չեն երթեւեկել վաղ առավոտվանից եւ կդադարեցնեն երթեւեկությունը եւս 22 ժամով:  Գործադուլին են միացել նաեւ լաստանավերի 5 արհմիություններ, գրում է gazeta.ru-ն:

Մեկօրյա գործադուլ են անցկացնում նաեւ պետական հիվանդանոցների բժիշկները: Աթենքում մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչներ եւս գործադուլ են հայտարարել: Նրանց է միացել նաեւ պետական բանկերի եւ ընկերությունների մի ամբողջ շարք: Բացի դրանից, բոլոր տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցները, ներառյալ հեռուստատեսությունը, ռադիոն, տեղեկատու կայքերը, թերթերը եւ նորությունների գործակալությունները 48-ժամյա գործադուլ են սկսել: