Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ԵՄ-ում նոր հարկեր սահմանել խոշոր ընկերությունների, ծխախոտային արտադրանքի և էլեկտրոնային թափոնների նկատմամբ՝ ենթադրյալ 2 տրիլիոն եվրոյի բյուջեի շրջանակում, գրում է The Guardian-ը։

Հայտարարելով ԵՄ 2028-2034 թվականների նախատեսված բյուջեն՝ նա փաստացի ԵՄ ապագան որոշելու կոչված խոշոր և բարդ քաղաքական պայքարի մեկնարկ է տվել։

«Դա 2 տրիլիոն եվրոյի բյուջե է նոր դարաշրջանի համար... այն դիմակայում է Եվրոպայի մարտահրավերներին, ամրապնդում է մեր անկախությունը»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսում, որը մի քանի ժամով հետաձգվել էր, քանի որ նրա պաշտոնյաները ամբողջ գիշեր աշխատել են թվերի շուրջ վիճաբանելով։

Նա նշել է, որ առաջարկները հնգապատկելու են Եվրամիության պաշտպանության ծախսերը, եռապատկելու են միգրացիայի և սահմանների կառավարման ֆինանսավորումը, ինչպես նաև կրկնապատկելու են հետազոտությունների բյուջեն, որի 35%-ը հատկացվելու է կլիմայի և կենսաբազմազանության խնդիրներին։

Ուկրաինայի համար նախատեսված է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ։

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ իր բյուջեն կնշանակի, որ ֆինանսական խնդիրներ ունեցող ազգային կառավարությունները ստիպված չեն լինի ավելին վճարել, քանի որ նա ներկայացրել է ԵՄ եկամուտները մեծացնելու հինգ նոր սխեմաների շուրջ ծրագրերը։

Նա ցանկանում է մեծացնել ԵՄ արտանետումների առևտրի համակարգից ստացված եկամուտները, եվրոպական ածխածնային սահմանային տուրքը, 100 միլիոն եվրոյից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունների հարկերը և ծխախոտի ու էլեկտրոնային թափոնների տուրքերը։ ԵՄ-ն արդեն մասամբ ֆինանսավորվում է մաքսային տուրքերից ստացված եկամուտներով։