Հայ ազգայնականների համախմբումը ՀՀ իշխանություններից պահանջում է բանակցային գործընթացից դուրս գալ կամ անհապաղ հրաժարական տալ:
Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Արցախյան հիմնահարցի այսպես կոչված „մադրիդյան սկզբունքները“, որոնց իբրեւ թե համաձայնել են ՀՀ իշխանությունները, հիմնովին անընդունելի են թե իբրեւ առանձին կետերով եւ թե ընդհանուր վերցրած:
„Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները“, որոնք ավելի քան 1,5 տասնամյակ գտնվում են հայկական զինուժի վերահսկողության ներքո, վերադարձման երբեւէ ենթակա չեն եւ չեն էլ կարող լինել սկզբունքորեն, քանի որ դրանք հայոց հայրենիքի անբաժան մասն են: Ոչ ՀՀ այսօրվա ու վաղվա իշխանությունները, ոչ ՀՀ հասարակությունը եւ ոչ իսկ համայն աշխարհի այսօրվա ու վաղվա հայությունն իրավունք չունի հայոց հայրենիքի թեկուզ մեկ թիզ հող օտարելու: Դա պարզապես դավաճանություն է հայոց ոգուն, հայոց պատմությանը, հայոց ներկային ու գալիքին, իսկ դավաճանների անողոք եւ արդար պատիժը մեր պատմությունը շատ վաղուց է սահմանել»:
Ըստ հայ ազգայնականնների՝ հիմնովին անընդունելի են նաեւ մնացյալ 5 կետերը, մասնավորաբար վերջինը, որտեղ խոսվում է ինչ-որ «անվտանգության միջազգային երաշխիքների» մասին: «Հայոց պետության, նաեւ համայն հայության անվտանգության միակ եւ անփոխարինելի երաշխիքը հայոց հավաքական ներուժն է, եւ, առաջին հերթին, հայկական զինուժը, որը ծանրագույն ու դաժան ազատամարտում փայլուն հաղթանակներ կերտեց` ազատագրելով հայրենիքի ընդամենը մի փոքր մասը, եւ որը ցանկանում են մեզանից հետ խլել սկուտեղի վրա` անվտանգության իրական երաշխիք հանդիսացող հողի փոխարեն մեզ մատուցելով „անվտանգության միջազգային երաշխիքներ“, որոնց արժեքը շատ լավ գիտենք համաշխարհային ոչ վաղ անցյալի պատմությունից:
ՀՀ իշխանություններից պահանջում ենք` անհապաղ դուրս գալ բանակցային գործընթացից եւ մտածել միայն ազատագրված տարածքները վերաբնակեցնելու մասին, իսկ եթե դա չեն կարող անել ու դիմակայել միջազգային ճնշումներին, ապա հրաժարական տան անմիջապես եւ երկրում կազմակերպեն իսկական ընտրություններ, որոնց արդյունքում, վստահ ենք, պետության ղեկը կստանձնեն իսկական ազգայնական ուժերը, որոնք եւ կփորձեն լուծել մեր պետության առջեւ ծառացած բազմապիսի հարցերը, այդ թվում` արցախյան հիմնահարցը: Ոչ պարտվողականությանը»,- նշել են հայտարարության հեղինակները:



























