ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը («Նովո») Սարդարապատ համայնքի թիվ 27 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Նահապետ Գեւորգյանը: Նույն ընտրատեղամասում իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Վերջիններս մշտապես պայքարում են միմյանց դեմ եւ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն, հետեւաբար Նահապետ Գեւորգյանից հետաքրքրվեցինք առաջիկա ընտրապայքարում լարված պայքար ակնկալվո?ւմ է, թե` ոչ: ԱԺ պատգամավորը նկատեց, որ եթե մենք զրույցը ծավալում ենք պրովոկացիոն հարցերով, ապա նա չի պատրաստվում այն շարունակել:

Հարցին, թե այս տարիների ընթացքում, ի՞նչ է արել իր ընտրատարածքի եւ բնակիչների համար եւ, ինչ կիսատ գործեր ունի, որոնք կցանկանար վերընտրվելուց հետո շարունակել, նա ընդամենն արձագանքեց. «Ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ աշխատում է»:

Նահապետ Գեւորգյանին հիշեցրեցինք նաեւ, որ վերջերս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա կատարված հարձակման գործով իր անունն էլ էր շրջանառվում, ինչին ի պատասխան, նա բորբոքված արձագանքեց. «Իմ հետ նորմալ խոսա, էտ ի՞նչ անուններ ես տալիս, ի՞նչ ես հեքիաթ պատմում: Էս ի՞նչ դվիժենի եք սկսել: Ամոթ ա, ամոթ»:

Այն դիտարկմանը, թե իրեն հստակ մեղադրանք է ներկայացվել եւ չի՞ ցանկանում օգտվելով առիթից, պաշտպանվել, բորբոքված պատգամավորը նետեց. «Էս ա, էն ա, հա գիշերը ո՞ւմ ծոցն ես քնել, ո՞ւմ հետ ես  խոսացել, ամոթ ա», ապա ընդհատեց հեռախոսազանգը: