Շրի Լանկայի անկախ կարգավորող մարմինը հեռացրել է ոստիկանության բարձրաստիճան սպայի՝ 2019 թվականի Զատկի կիրակի օրը տեղի ունեցած պայթյունները կանխել չկարողանալու համար, որոնց հետևանքով զոհվել է 279 մարդ, այդ թվում՝ 45 օտարերկրացի, և վիրավորվել ավելի քան 500-ը, հայտնում է AFP-ն։

Ազգային ոստիկանության հանձնաժողովը հեռացրել է Նիլանտա Ջայավարդենային, որն այն ժամանակ զբաղեցնում էր Պետական հետախուզական ծառայության (SIS) ղեկավարի պաշտոնը, ծայրահեղականների կողմից նախապատրաստվող հարձակման մասին նախնական նախազգուշացումներն անտեսելու համար։

Դատական արձանագրությունները ցույց են տալիս, որ Ջայավարդենային 17 օր առաջ զգուշացրել էին հնարավոր ահաբեկչության մասին՝ մինչև 2019 թվականի ապրիլի 21-ին մահապարտ ահաբեկիչների համակարգված հարձակումները, որոնց թիրախում էին երեք հյուրանոց և երեք եկեղեցի։

Ջայավարդենան մեղավոր է ճանաչվել անփութության և ծառայողական պարտականությունները չկատարելու մեղադրանքի բոլոր յոթ կետերով՝ պաշտոնաթող դատավորի կողմից անցկացված կարգապահական հետաքննության ընթացքում, ասվում է ոստիկանության հանձնաժողովի՝ շաբաթ օրը ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։

Զատկի պայթյուններից հետո, որոնք դարձան Շրի Լանկայում քաղաքացիական բնակչության դեմ ուղղված ամենասարսափելի ահաբեկչական գործողությունը, Ջայավարդենան ազատվեց SIS-ի ղեկավարի պաշտոնից, սակայն նշանակվեց ոստիկանության պետի տեղակալ՝ համակարգելով վարչական հարցերը։

Սակայն մեկ տարի առաջ նա ուղարկվել է հարկադիր արձակուրդի՝ սպասելով կարգապահական լսումների՝ իր նկատմամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատարանի բազմակի որոշումներից հետո։ Հարձակումից անմիջապես հետո սկսված բարձր մակարդակի հետաքննությունը ցույց է տվել, որ այն ժամանակվա նախագահ Մայթրիպալա Սիրիսենան և նրա չորս բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ Ջայավարդենան, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն իրենց զանցանքների համար։

Համաձայն 2023 թվականի հունվարին քաղաքացիական գործի քննության արդյունքներով Գերագույն դատարանի կայացրած որոշումների, նրանք տուժածներին վճարել են ավելի քան մեկ միլիոն դոլար՝ որպես վնասի փոխհատուցում։

2019 թվականի պայթյունների պատասխանատվությունը դրվել է տեղական մի խմբավորման վրա, որը հավատարմության երդում էր տվել ԻՊ-ին։

Նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեի գլխավորած Շրի Լանկայի նոր կառավարությունը խոստացել է ակտիվացնել Զատկի ահաբեկչությունների հետաքննությունը և գտնել պայթյունների մեղավորներին։