«Abzas Media»-ի դատապարտված տնօրեն Ուլվի Հասանլին անժամկետ հացադուլ է հայտարարել, այդ կերպ նա ցանկացել է բողոք հայտնել առ այն, որ Ադրբեջանի քրեակատարողական ծառայությունը չի կատարում դատարանների որոշումները։ Այս մասին հայտնում է «Կավկազսկի ուզյելը»։

Բաքվի դատարանը հունիսի 20-ին երկարատև ազատազրկման է դատապարտել ադրբեջանական Abzas Media առցանց հրատարակության լրագրողներին և աշխատակիցներին։ Հրատարակության տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆղըզը, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն դատապարտվել են 9 տարվա ազատազրկման։ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գըյըմովան՝ 8 տարի, իսկ Մոհամմեդ Քեքալովը՝ 7 տարի։

«Abzas Media» ինտերնետային պարբերականի վեց աշխատակիցներ ձերբակալվել են արտարժույթի մաքսանենգության մեղադրանքով՝ խմբագրությունում հայտնաբերված 40 հազար եվրոյի պատճառով։ Ավելի ուշ այս գործով ձերբակալվել է նաև տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն։ Հետագայում նրանց նոր մեղադրանքներ են ներկայացվել տնտեսական հանցագործությունների վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի յոթ հոդվածներով։

Ինչպես «Կավկազսկի ուզյելի» թղթակցին հայտնել են լրագրող Ուլվի Հասանլիի մերձավորները՝ հուլիսի 3-ին դատարանը բավարարել է պաշտպան Զիբեյդա Սադիգովայի միջնորդությունը և փորձել են նրան Ումբաքիում գտնվող պատժակատարողական հիմնարկից վերադարձնել Բաքվի թիվ 1 նախնական պահման մեկուսարան (ՍԻԶՕ)։ Սակայն պատժակատարողական ծառայությունը դեռ չի կատարել դատարանի այդ որոշումը։

«Ավելի վաղ Հասանլին արդեն անցկացրել էր իննօրյա հացադուլ՝ նույն պահանջով, սակայն դադարեցրել էր այն, երբ Abzas Media-ի իր դատապարտված կին-գործընկերները միացել էին ակցիային, քանի որ նա անհանգստանում էր նրանց առողջության համար։ Բացի այդ, նրան խոստացվել էր, որ մինչև հուլիսի 12-ը նրան կվերադարձնեն Բաքվի թիվ 1 նախնական պահման մեկուսարան (ՍԻԶՕ)», – պատմել է Հասանլիի բարեկամը։

Ումբակիի քրեակատարողական համալիրը Բաքվից հեռու է գտնվում, ինչը դժվարություններ է ստեղծում ընտանիքի անդամների և փաստաբանների այցելությունների համար։ Բացի այդ, Ումբակիի հաստատությունում բանտարկյալներին թույլ չեն տալիս կենդանի հանդիպումներ ունենալ հարազատների հետ և դա Հասանլիին զրկում է իր երեքամյա երեխայի հետ ուղղակի շփվելու հնարավորությունից։ «Այստեղ իմ երեխայի հետ հանդիպելու պայմաններ չկան։ Ինձ ընդհանրապես հնարավորություն չեն տալիս տեսնել նրան», — ասվում է Հասանլիի՝ լրատվամիջոցներին ուղղված դիմումում։

Հասանլին կարծում է, որ նման վերաբերմունքի պատճառը կալանքի վերաբերյալ իր ուղարկած քննադատական հաղորդագրություններն են։ «Այդ ամենն արվում է մեր հրապարակումների պատճառով, այն բանի պատճառով, որ մենք ուշադրություն ենք հրավիրում վատ պայմանների և անմարդկային վերաբերմունքի վրա», — այս մասին նշվել է Հասանլիի ուղերձում։

«Abzas Media»-ի նախկինում ձերբակալված լրագրողները հայտարարել էին Բաքվի մեկուսարանում առկա կաշառակերության, կոռուպցիայի և խոշտանգումների մասին։ Հասանլին հայտարարում է, որ հացադուլը կդադարեցնի միայն Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարան տեղափոխվելուց հետո։ Միևնույն ժամանակ, նա խնդրել է իր հետ դատապարտված Սևինջ Վագիֆգըզըին, Էլնարա Գասըմովային և Նարգիզ Աբսալամովային չմիանալ իր հացադուլին։ «Ես շատ մտահոգված եմ նրանց առողջությանը հացադուլի դեպքում հասցվելիք վնասով։ Ակցիան ես կշարունակեմ մենակ», — գրում է Հասանլին։