Բրիտանացին, որը երազում էր դառնալ Ջեյմս Բոնդի նման, երեքշաբթի դատապարտվել է Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու փորձի համար, հաղորդում է Reuters-ը։
Ըստ դատարանի վճռի՝ 65-ամյա Հովարդ Ֆիլիպսը փորձել է նախկին պաշտպանության նախարար Գրանտ Շապսի մասին տեղեկություններ փոխանցել երկու անձանց, որոնց նա համարում էր ռուսական գործակալներ։
Սակայն պարզվել է, որ այս նրանք բրիտանական հետախուզության գաղտնի գործակալներ են։ Վինչեսթերի թագավորական դատարանի ժյուրին Ֆիլիպսին մեղավոր է ճանաչել ենթադրյալ օտարերկրյա հետախուզական ծառայությանը օգնելու մեջ։
Միաձայն որոշումն ընդունվել է չորս ժամ տևած խորհրդակցությունից հետո։ Նա կալանավորվել է, և նրա դատավճիռը կհրապարակվի աշնանը։ Ճշգրիտ օրը դեռ չի նշանակվել։
Մեղադրող կողմը հայտնել է, որ Ֆիլիպսն առաջարկել է տրամադրել Շապսի կոնտակտային տվյալները, ինչպես նաև այն վայրը, որտեղ նա պահում էր իր անձնական ինքնաթիռը՝ ռուսների համար Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծրագրերի գաղտնալսումն ավելի դյուրացնելու համար։
Մեղադրյալի նախկին կինը դատարանին հայտարարել է, որ Ֆիլիպսը «երազում էր լինել Ջեյմս Բոնդի նման» և դիտում էր բրիտանական գաղտնի ծառայության մասին ֆիլմեր, քանի որ «խելքը գնում էր դրա համար»։




























