Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս Ռուսաստանում բնակվող բելառուսներին մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Բելառուսում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները նույնպես կունենան նմանատիպ իրավունք, հաղորդում է «Կոմերսանտը»:
Օրենքը տալիս է ընտրելու և ընտրվելու իրավունք: Փոփոխությունները կատարվել են Ռուսաստանի և Բելառուսի միջև 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Քաղաքացիների հավասար իրավունքների մասին» պայմանագրում: Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայում մարտի 13-ին:
Այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր քաղաքացիներին հասարակական և քաղաքական կյանքում ներգրավելու հնարավորությունների ակտիվ ընդլայնման մասին: Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի անհրաժեշտ ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում ստանալու օրվանից:





























