Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են իրենց երկրների պատվիրակությունների Ստամբուլ ժամանման մասին՝ բանակցությունների համար։

Ինչպես հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին, ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից առաջ Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Իր հերթին, RIA Novosti-ն հաղորդում է, որ ռուսական պատվիրակության ինքնաթիռը ժամը 15:40-ին վայրէջք է կատարել Աթաթուրքի անվան օդանավակայանում։ Պատվիրակությանը դիմավորել են Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը, Մոսկվայում Թուրքիայի նախկին դեսպան Մեհմեթ Սամսարը, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մի քանի աշխատակիցներ։

Տեղեկացված թուրքական աղբյուրը RIA Novosti-ին հայտնել է, որ բանակցային խմբերը կհանդիպեն չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 19:00-ին, Չիրագանի պալատում։

Կողմերը մայիս և հունիս ամիսներին Ստամբուլում անցկացրել են բանակցությունների երկու փուլ։ Դրանց արդյունքում փոխանակվել են գերիներ, և Ուկրաինան ստացել է զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։ Պատվիրակությունները նաև հանձնեցին խաղաղ կարգավորման իրենց տեսլականի վերաբերյալ հուշագրերի նախագծեր։