Թբիլիսիում մեկնարկած ԵԱՀԿ համաժողովում քննարկվում է Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի լրատվամիջոցների ազատության հարցը: Հարավային Կովկասի 6-րդ մեդիա-համաժողովը նվիրված է լրագրողական կրթության բարելավմանն ու նոր մարտահրավերներին:

Ինչպես համաժողովի բացմանը հայտարարել է մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին, տարածաշրջանի երեք երկրներում ժողովրդավարության տարբեր մակարդակներ են։ «Վրաստանին բազմակարծություն է անհրաժեշտ: Այժմ աշխատանքներ են տարվում օրենսդրության վրա, որ այն բարեփոխվի: Վրաստանում նաեւ պետք է լուծվի հանրային հեռարձակողի ֆինանսավորման հարցը: Մասնավորապես, հանրային հեռարձակողի ֆինանսավորումն ինքնավար պիտի լինի, եւ դա էլ կապահովի ազատություն»,- ասել է Հարաշտին:

Նրա խոսքերով՝ Վրաստանում լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկությունը թափանցիկ չէ: Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, Հարաշտիի խոսքով, Հայաստանում գրանցվել են լրագրողներին հետապնդելու փաստեր, եւ դա ցավալի է: Լրագրողների ձերբակալման դեպքեր են գրանցվել նաեւ Ադրբեջանում: Հարաշտին հայտարարել է, թե լրատվամիջոցների ազատության մասին խոսել չարժե, եթե երկրում չկա համապատասխան կրթություն: Ըստ պաշտոնյայի՝ անգամ լավագույն օրենքները չեն կարող ապահովել լրատվամիջոցների ազատությունը, եթե չկա բազմակարծություն: