Եվրոպական միության կողմից ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանված պատժամիջոցները լուրջ ազդեցություն չեն ունենա Հնդկաստանի նավթավերամշակման ոլորտի վրա։ Այս մասին Business Standard պարբերականին հայտնել են ոլորտի ներկայացուցիչներ և թրեյդերներ։
«Այս պատժամիջոցների ներդրումը որոշակի ճշգրտումներ և լրացուցիչ ծախսեր կպահանջի, հատկապես մասնավոր նավթավերամշակող ընկերությունների համար, բայց պետական նավթային ընկերությունների համար ամեն ինչ կմնա ինչպես միշտ», - Business Standard պարբերականին ասել է պետական նավթավերամշակող ընկերության ավագ թրեյդերը։
Ինչպես նշում է պարբերականը, պետական նավթային ընկերությունների ներկայացուցիչները, որոնց բաժին է ընկել 2025 թվականի ընթացիկ տարում ռուսական նավթի ներմուծման ընդհանուր ծավալի (օրական 1,8 միլիոն բարել) գրեթե կեսը և որոնք ապահովում են երկրի վառելիքի ներքին պահանջարկի մեծ մասը՝ առաջիկա մի քանի օրերին բանակցություններ կսկսեն ռուսական գործընկերների հետ՝ սեպտեմբերին Ռուսաստանից նավթի մատակարարումների շուրջ։
Business Standard պարբերականին երկու պաշտոնյաներ հայտնել են, որ ռուսական կողմը մտահոգված չէ դրանով և մատակարարումները կիրականացվեն սովորական ռեժիմով։ Սակայն նրանք զգուշացրել են, որ հնարավոր են փոփոխություններ բեռնափոխադրման սակագներում և զեղչերում։ Բացի այդ, թեև ռուսական նավթի մատակարարումների ընդհանուր մակարդակը բարձր է, սակայն որոշ հոսքեր կարող են վերաուղղորդվել նավթավերամշակման գործարանների միջև։
«Հաշվի առնելով անցումային շրջանի համար հատկացված ժամանակը, նավթի մատակարարման բազմաթիվ տարբերակները և Հնդկաստանում արտադրանքի օգտագործումը՝ երկրի վրա ազդեցությունը ամենայն հավանականությամբ սահմանափակ կլինի», - հայտարարել է Rystad Energy հետազոտական ընկերության ապրանքային շուկաների ավագ փոխնախագահ Փանքաջ Շրիվաստավան։




























